ԿարևորՏնտեսական

Պետք է իրականացնենք կրճատումներ ու բարձրացնենք աշխատավարձը, վարչապետը խոսել է երկրում արտադրողականությունը բարձրացնելու խնդրի մասին

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության այսօրվա նիստը սկսվել է մի քանի հանձնարարականով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին է փոխանցել հանրապետության նախագահի՝ Աբովյանի բժշկական կենտրոնը առաջնահերթ վերանորոգելու և վերազինելու հանձնարարականը: «Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել, որպեսզի կարողանանք այս տարի սկսել շինարարական աշխատանքները»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Այնուհետև, կառավարության ղեկավարը անդրադառնալով համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին, նշել է, որ 2013-14 թթ-երին զարգացող երկրները որակապես նոր խնդրի առջև են կանգնելու: «Տարբեր ոլորտներում աշխատուժի պակաս կա, մենք գործ ունենք կառուցվածքային գործազրկության հետ»,-հայտարարել է կառավարության ղեկավարը: Նա նշել է, որ հատկապես կադրերի պակասի խնդիրը սուր է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ոլորտում տարեկան 15-20 տոկոս աճ է գրանցվում, սակայն աշխատուժի պակաս կա: Նույն իրավիճակն է նաև մարզերում, մարզերի ու համայնքների ղեկավարներն ասել են, որ պատրաստ են օրական 5-7 հազար դրամ վճարել, բայց աշխատող չկա: Վանաձորի քիմպրոմ գործարանում, օրինակ, այս պահին 150, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող տարբեր հիմնարկներում՝ 300 մասնագետի կարիք կա: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ իրենց հիմնականում անհրաշժեշտ են վարորդներ, կանաչապատման ու սանմաքրման աշխատակիցներ՝ միջինը 80 հազար դրամ աշխատավարձով:  «Պետք է բարձրացնել արտադրողականությունը երկրում, որը պետք է զուգակցվի աշխատավարձի բարձրացմամբ»,-հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պարզաբանելով` «Պետք է իրականացնենք կրճատումներ ու բարձրացնենք աշխատավարձը»:

Թողնել պատասխան

Back to top button