Հասարակություն

Դաֆինա Գերչեւա.«Հոգուս մի մասնիկում անպայման կմնա այս չքնաղ երկիրը»

Լիլիթ Մուրադյան
«Ռադիոլուր»

Այսօր ՄԱԿ-ը նշում է հիմնադրման 67-րդ տարեդարձը: Հայաստանում տոնը կրկնակի նշանակություն ունի, որովհետեւ այս տարի լրանում է նաեւ Հայաստան-ՄԱԿ համագործակցության 20-րդ տարեդարձը: Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ով կիրակի օրն արդեն կմեկնի Նյու-Յորք. նրա լիազորությունները մեր երկրում արդեն ավարտվել են: «Հիացած եմ Ձեր երկրի բնությամբ, պատմամշակութային ժառանգությամբ: Ինձ հետ կտանեմ հաճելի հիշողություններ, իսկ հոգուս մի մասնիկում անպայման կմնա այս չքնաղ երկիրը»,- խոստովանել է Դաֆինա Գերչեւան:

20 տարի առաջ մարտի 2-ին Հայաստանն ադամագրվեց ՄԱԿ-ին, ամիսներ անց՝ դեկտեմբերին Երեւանում բացվեց ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը: Հայաստանում իր վերջին ասուլիսը պատատմական ակնարկով սկսեց ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան: «Հայաստանում մեր գործունեության մեկնարկային շրջանում հիմնականում մեր ուշադրությունը սեւեռված էր մարդասիրական օգնության ցուցաբերմանը: Ադրբեջանի հետ հրադադարի համաձայնագրի կնքումից հետո մենք հիմնականում սկսեցինք աջակցել հետճգնաժամային աշխատանքներին եւ տեխնիկական խորհրդատվություն էինք ցուցաբերում: 2005 թվականին հաստատվեց Հայաստանի զարգացման աջակցության ՄԱԿ-ի զարգացման 1 –ին շրջանակային ծրագիրը եւ այդ ժամանակից ի վեր սկսեցինք ուշադրություն դարձնել ժողովրդավարության ամրապնդման, ազատ շուկայական տնտեսության եւ Հայաստանի տնտեսական ուժի եւ դիմացկունության ամրապնդման խնդիրներին»։

2010թ-ից ներկայացվեց ու հաստատվեց արդեն ՄԱԿ-ի երկրորդ շրջանակային ծրագիրը, որը գործունեության 4 գերակա ուղղություն է հռչակվել. արդարացի տնտեսական աճ եւ աղքատության դեմ պայքար, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ու համամարդկային ազատությունների առաջ մղում, կայուն էնէրգետիկայի եւ վերականգնվող էներգակիրների օգտագործման խթանում եւ հանրությանը բարձրորակ, հասանելի եւ արդյունավետ հանրային ծառայություններ մատուցելու հանրային մարմինների կարողության ուժեղացման օժանդակություն: Բացի այդ՝ ըստ Գերչեւայի ՝ ծրագիրն ունի նոր երեք տարածաչափեր, որոնք կարեւոր են եւ լիովին համահունչ են երկրի զարգացման գերակայություններին: ՄԱԿ-ի մշտական համակարգողն առանձնացրեց հատկապես ԵՄ հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը:

Ծրագրերն ու մարտահրավերները հաղթահարվում են թերեւս միայն տեսականորեն։ Իրականում աղքատության թիվը մեր երկրում չի պակասել, մարզերը համաչափ չեն զարգացել. ի՞նչ չի հաջողվել ՄԱԿ-ին, լրագրողի հարցին պատասխանելով, Դաֆինա Գեռչեւան ասաց, որ նման հարցերը լուծելու համար երկար տարիներ են պետք ու մարտավարության հաղթահարման ճանապարհը շատ երկար է: Ինչեւէ՝ ճանապարհի ավարտը Գերչեւան մեր երկրում չի տեսնի, քանի որ նա ավարտում է իր առաքելությունը :  «Հայաստանից ինձ հետ կտանեմ ջերմ հուշեր, որովհետեւ շուրջ երեք տարվա ընթացքում սիրեցի ձեր երկիրն իր բնությամբ, հարուստ պատմամշակութային ժառանգությամբ ու իհարկե մարդկանցով»,- անկեղծացավ Դաֆինա Գերչեւան ու չբացառեց, որ Հայաստան կգա որպես զբոսաշրջիկ, առավել եւս որ վիզայի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայնագրերի ստորագրումից հետո, Բուլղարիայից Հայաստան գալու խնդիր չի լինի:

Թողնել պատասխան

Back to top button