ԿարևորՄիջազգային

Աշխարհն ապրում է անհանգիստ, անցումային և վերափոխումների ժամանակաշրջանում. Պան Գի Մունի ուղերձը՝ ՄԱԿ-ի օրվա առիթով

Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա առթիվ 

Մենք ապրում ենք անհանգիստ, անցումային և վերափոխումների ժամանակաշրջանում: Տարածվում են անապահովությունը, անհավասարությունն ու անհանդուրժողականությունը: Գլոբալ և ազգային կառույցները փորձությունների են ենթարկվում: Այս բարդ իրավիճակում ՄԱԿ-ը պետք է ձգտի առաջընթացի իր գործունեության բոլոր ասպարեզներում՝ խաղաղություն, զարգացում, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, աշխարհի կանանց և երիտասարդների հնարավորությունների և իրավունքների ընդլայնում: Բազմաթիվ ճակատներում կարևոր առաջընթաց է արձանագրվել: Ծայրահեղ աղքատությունը 2000 թվականից ի վեր կրճատվել է կիսով չափ: Բազմաթիվ երկրներ ժողովրդավարական անցման փուլում են: Զարգացող աշխարհում տնտեսական աճի հուսադրող նշաններ կան:

Այժմ ժամանակն է մեծացնելու մեր հավաքական հավակնությունները: Հազարամյակի զարգացման նպատակների 2015 թվականի վերջնաժակետի սրընթաց մոտենալուն զուգընթաց, մենք պետք է սաստկացնենք մեր ջանքերն այս բոլոր կենսափրկիչ թիրախներին հասնելու համար: Մենք պետք է պատրաստենք զարգացման հստակ և գործնական օրակարգ 2015-ին հաջորդող ժամանակների համար: Եվ պետք է շարունակենք պայքարել անհանդուրժողականության դեմ, փրկել հակամարտություններում ներգրավված մարդկանց և հաստատել տևական խաղաղություն: ՄԱԿ-ը սոսկ դիվանագետների հանդիպման վայր չէ: ՄԱԿ-ը հակամարտողին զինաթափող խաղաղապահ է, սպեղանի հասցնող բուժաշխատող, փախստականներին օգնություն ցուցաբերող թիմ, արդարության հաստատմանը նպաստող մարդու իրավունքների փորձագետ: Այս գլոբալ առաքելությունն իրականացնելիս մենք ապավինում ենք մեր անթիվ բարեկամներին և աջակիցներին: Մեր հաջողության գործում վճռորոշ է հասարակական կազմակերպությունների, գիտնականների, գիտակրթական ոլորտի, բարերարների, կրոնական առաջնորդների, գործարարների և մտահոգ քաղաքացիների դերը: Ոչ մի նախագահ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ անել ամենը: Բայց յուրաքանչյուրս, յուրովի, կարող է ինչ-որ բան անել:

ՄԱԿ-ի այս օրը եկեք վերահաստատենք մեր անհատական պատրաստակամությունը և հավաքական վճռականությունը՝ կենսագործելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված իդեալները և կառուցելու ավելի լավ աշխարհ բոլորի համար:

Թողնել պատասխան

Back to top button