ԿարևորՀասարակություն

Պահնորդական գործունեությամբ զբաղվող մասնավոր ընկերությւոնները դժգոհ են ուժի մեջ մտնող նոր օրենքից

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հունվարի մեկից ուժի մեջ կմտնի «Պահնորդական ծառայության մասին» օրենքը: Անդրադառնալով այս օրենքին` Մասնավոր պահնորդական  գործունեություն իրականացնող և ուսուցանող  կազմակերպությունների ղեկավարներն այսօրվա մամուլի ասուլիսում հայտարարել են, որ օրենքի ընդունման ընթացքում հաշվի չի առնվել պահնորդական գործունեություն իրականացնողների մասնագիտական կարծիքը: Նրանց պնդմամբ` օրենքում նույնացվել են պահնորդն ու թիկնապահը, ինչի արդյունքում հազարավոր պահնորդներ կարող են զրկվել աշխատանքից:

Մասնավոր պահնորդական  գործունեություն իրականացնող և ուսուցանող  կազմակերպությունները միավորվել են` նպատակ ունենալով պաշտպանել պահնորդական  գործունեություն իրականացնողների շահերը: Միավորման համակարգող Հովհաննես Պետրոսյանի պարզաբանմամբ` հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքը հաշվի չի առել մասնագիտական կարծիքները, ուստի դրա կիրառմամբ ոտնահարվելու են իրենց իրավունքները: Նախ, ըստ բանախոսի, օրենքը նույնացրել է պահնորդին եւ թիկնապահին: Պահնորդը պաշտպանում է գույքը և օբյեկտները, իսկ թիկնապահը՝ անձին:  Պահնորդությունը մասնագիտություն չէ,  ի տարբերություն թիկնապահության` հստակեցրեց Հովհաննես Պողոսյանը` պատկերավորելով նաեւ, որ պահնորդը, դա պահակի քաղաքակիրթ տարբերակն է:

Անդրադառնալով թիկնապահների մասին հասարակության բացասական վերաբերմունքից՝ մասնավոր պահնորդական  գործունեություն իրականացնող միության ներկայացուցիչներն ասացին, որ այն անձինք, ովքեր զենքը ձեռքին  վնասում են քաղաքացիներին, նրանք  միության կազմում ընդգրկված կազմակերպությունների հետ ոչ մի առնչություն չեն ունեցել եւ չունեն, քանի որ միության կազմում ընդգրկված  կազմակերպությունները զենք կիրառելու հնարավորություն չունեն:
Օրվա բանախոսներից` «Արմմոբիլ» կազմակերպության ղեկավար Վահագն Կակոսյանի խոսքով՝  անհրաժեշտ է  օրենքում  փոփոխություն կատարել: Նրա ձեւակերպմամբ` խնդիրն այն է, որ պահնորդները պետք է մեկ ամիս ուսուցանվեն, ստանան վկայական, պետք է ստեղծվի այն կենտրոնը, որտեղ  պետք է ուսուցանվեն և  լիցենզավորվեն պահնորդները, սակայն առայսօր այդ խնդիրները չեն լուծվել:  Հովհաննես Պողոսյանի փոխանցմամբ` իրենք արդեն առանձնացրել են այն խնդիրներն ու հարցերը, որոնք պետք է ներկայացնեն ԱԺ` արդեն իսկ ընդունված օրենքում փոփոխություններ մտցնելու համար: Նրա պնդմամբ` առնվազն 12 հոդվածում անհրաժեշտ է փոփոխություն կատարել:

Պահնորդների խնդիրները բազմաթիվ են, որոնք ձեւակերպված կներկայացվեն խորհրդարան: Մինչ այդ` պահնորդական գործունեություն իրականացնող մասնավոր կազմակերպությունների միության ներկայացուցիչներն ասում են, որ առաջնայիններից մեկն այն է, որ օրենքում մտցվեն անցումային դրույթներ, քանի որ եթե օրենքը գործի հունվարի 1-ից, ապա որեւէ կազմակերպություն չի հասցնի լիցենզավորվել եւ լիցենզավորված պահնորդներ ուսուցանել, այն էլ այն դեպքում, երբ ըստ կառավարության որոշման, լինելու է բարդ ընթացակարգ, մինչդեռ` մինչ օրս դեռ հստակ չէ լիցենզավորման կարգը:

Պահնորդական և թիկնապահական քոլեջի տնօրեն Վահագն Հարությունյանի խոսքով, օրնքի 22 կետի համաձայն` «Թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը և որակավորման բարձրացումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող և կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները», այսինքն` «ընկերությունը լիցենզիա ստանալու համար պետք է ունենա որակավորված կադրեր, իսկ վերջիններս պետք է որակավորում ստանան լիցենզավորված ընկերությունում, որոնք Հայաստանում չկան»:
Մասնավոր պահնորդական  գործունեություն իրականացնող և ուսուցանող  կազմակերպությունների ներկայացուցիչները շեշտեցին, որ իրենք նման օրենք ունենալուն կողմ են, սակայն` դրանում պետք է հաշվի առնվեն մասնագիտական կարծիքներ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button