ԿարևորՔաղաքական

Նախարար Նալբանդյանի Մեքսիկա այցի օրակարգում նաև արցախյան հարցն է եղել

Հոկտեմբերի 23-ին Մեխիկոյում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Մեքսիկայի պատգամավորների պալատի նախագահի առաջին տեղակալ Ֆրանցիսկո Արոյո Վիերայի հետ: Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Մեքսիկայի նախորդ գումարման Պատգամավորների պալատի՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունը վնաս է հասցրել ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլև կոպտորեն հակասում է հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշմանը: Մեքսիկայի խորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ տեղյակ է հիշյալ հայտարարության բացասական հետևանքների մասին, ապա պարզաբանումներ տվել այդ կապակցությամբ և ընդգծել, որ Մեքսիկայի Պատգամավորների պալատը միանշանակ սատարում է ժողովուրդների ինքնորոշման միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքին:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնել Մեքսիկայի խորհրդարանի կողմից ինքնորոշման իրավունքի սկզբունքին միանշանակ սատարելու, ինչպես նաև Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարությունում ստացված հավաստիացումների կապակցությամբ՝ առ այն, որ պաշտոնական Մեխիկոն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝  ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ արված առաջարկություններին և այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: Էդվարդ Նալբանդյանը Մեխիկոյում հանդիպել է նաև տեղի հայ համայնքի անդամների հետ: Նախարարի այցը Մեքսիկա լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից: Իսկ Մեքսիկայի մամուլը բազմաթիվ հրապարակումներով անդրադարձել է Ադրբեջանի նախկին նախագահի և, այսպես կոչված, Խոջալուի հուշարձանների տեղադրումից հետո ստեղծված իրավիճակին՝ որակելով այն որպես հարված Մեքսիկայի ժողովրդի արժանապատվությանը:

Մեքսիկայի արտգործնախարարությունից Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են, որ հանրային կարծիքի խիստ դժգոհության հետևանքով Մեխիկոյի քաղաքապետարանը որոշում է կայացրել հատուկ հանձնաժողով ստեղծել՝ ադրբեջանական հուշարձանների ճակատագիրը որոշելու նպատակով: Ավարտելով այցելությունը Մեքսիկա՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղևորվել է Գվատեմալա:

Թողնել պատասխան

Back to top button