ԿարևորՏնտեսական

Հարաբերությունների մակարդակից գոհ են, համագործակցության՝ ոչ

Հայ- իրանական տնտեսական հարաբերությունների աշխուժացման շնորհիվ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների որոշակի աճ է գրանցվել եւ երկու երկրների  հարաբերությունների պատմության մեջ այն այսօր գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա, այսօր հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ Երեւանում անցկացվող հայ- իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում։ Միաժամանակ նա նշել է, որ ընդհանուր ֆիզիկական ծավալները բավարար չեն և առկա բարձր մակարդակի ներուժը պահանջում է, որ կարճ ժամանակահատվածում այդ թվերը «կրկնապատկվեն, եռապատկվեն»:

«Կարծում եմ, որ այս ոլորտում լուրջ դերակատարություն կարող են ունենալ մասնավոր հատվածը ներկայացնող առևտրային կառույցների և հաստատությունների համագործակցության սերտացումը, համատեղ ներդրումների խրախուսումը և այլ նմանատիպ միջոցառումների կազմակերպումը։  Գոհունակությամբ պետք է նշել, որ այս առնչությամբ ակտիվություն է նկատվում միջմարզային համագործակցության շրջանակում »,- ասել է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ նախարարը։

Հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն եւս արձանագրել է, որ Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և զարգանում են փոխըմբռնման մթնոլորտում:

«Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք իհարկե առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ  չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button