Հասարակություն

Հանգանակվել է 250 հազար դոլար՝ սիրիահայության օգնության ֆոնդի համար

Հայաստանում հոկտեմբերի 20- ին գումարված ՀԲԸՄ 87- րդ ընդհանուր ժողովի ավարտին տեղի ունեցած հրաժեշտի միջոցառման ընթացքում սիրիահայերի առաջնային կարիքները հոգալու նպատակով կազմակերպված հանգանակության ընըացքում աշխարհի տարբեր երկրներից ժամանած միության պատվիրակների ու հյուրերի կատարած նվիրատվությունների շնորհիվ հավաքվել է 250 հազար ԱՄՆ դոլար՝ ի նպաստ սիրիահայության օգնության ֆոնդին:

ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական Ժողովի օգոստոսի 3–ի որոշումով մեկ միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օժանդակության պահեստի գումար էր առանձնացվել սիրիահայության կարիքների համար: Ավելի ուշ՝ ՀԲԸ Միությունը կոչով դիմել էր սփյուռքահայությանը` զանգվածային ու անհապաղ օգնության ձեռք մեկնելու սիրիահայ մեր հայրենակիցներին:
Նվիրատվություններ կատարելու ՀԲԸ Միության կոչին ընդառաջել են բազմաթիվ հայրենակիցներ: Համադրելով իր աշխատանքները Սիրիահայ շտապ օգնության մարմնի հետ, որը համախմբում է համայնքի բոլոր հայկական կազմակերպությունները, Սիրիայի ՀԲԸՍ կենտրոններում կազմակերպվում են մարդասիրական օգնության աշխատանքներ, հաղորդում են միությունից։
Ի հավելումն սիրիահայությանը տեղում մարդասիրական օգնություն հասցնելու շարունակվող ծրագրին, ՀԲԸ Միությունը, ՀՀ սփյուռքի նախարարության հետ համադրում է իր աշխատանքները Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հասարակական կազմակերպության շրջանակներում: Միության տրամադրած տարածքում գործում է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը:
Հայաստանում ապաստանած սիրիահայերն ամեն օր այցելում են կենտրոն, որտեղ հնարավորություն են ունենում հավաքներ անցկացնելու, ճանաչողական հանդիպումներ ունենալու, ինչպես նաեւ իրենց հուզող հարցեր քննարկելու:
Կարիքավոր ընտանիքներին տրամադրվում է նաև անհրաժեշտ նյութական օժանդակություն։

Թողնել պատասխան

Back to top button