Հասարակություն

Կառավարությունը մտադիր է առողջապահության ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ ներդնել

Կառավարությունը մտադիր է առողջապահության ոլորտում ներդնել միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգ: Վերջինիս ներդրման ծրագիրը և միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 25-ի նիստի օրակարգում: Ըստ նախագծի, համակարգի ներդրման նպատակն է հանրապետության առողջապահության բնագավառում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծումը, որն ապահովելու է երկրի յուրաքանչյուր բնակչի վերաբերյալ լիարժեք բժշկական տեղեկատվություն` միասնական և ամբողջական ձևաչափով: Համակարգի միջոցով հավաքագրված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել տարբեր նպատակներով, մասնավորապես` անձի վերաբերյալ բժշկական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, ուսումնասիրությունների, վերլուծությունների և այլ նպատակներով:

Բժշկական օգնություն և սպասարկում ստացող անձանց վերաբերյալ բժշկական ցանկացած տեղեկատվություն մուտքագրվում է միասնական տեղեկատվական շտեմարան՝ բժշկական հաստատության համապատասխան մասնագետի կողմից, ինչը բացառում է թղթային տեղեկատվության պահպանումը և հետագա արխիվացումը: Համակարգում ներառվող տեղեկատվությունը անձնավորված է, ընդ որում անձի նույնականացումն իրականացվում է էլեկտրոնային նույնականացման քարտերի միջոցով, տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված: Համակարգի մասնակից կարող է դառնալ ՀՀ-ում գործող ցանկացած բժշկական հաստատություն: Համակարգի մասնակիցների ֆինանսավորումը պետական պատվերի շրջանակում կատարվելու է միայն միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգում բժշկական հաստատության կողմից մուտքագրված տեղեկատվության հիման վրա: Համակարգի կարևորագույն բաղադրիչներից է լինելու «Էլեկտրոնային դեղատոմսեր» ենթահամակարգը, որը միտված է փոխարինելու թղթե դեղատոմսերը: Դա թույլ կտա վերահսկել նշանակումների ճշգրտությունը, նպատակահարմարությունը, նվազեցնել սխալ դեղատոմսերի նշանակման հետ կապված ռիսկերը, կրճատել ժամանակի ծախսը:

Թողնել պատասխան

Back to top button