ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ին անհանգստացնում է ԼՂ հակամարտությունում իրավիճակի վատթարացումը,-հայտարարել է կառույցի գլխավոր քարտուղարը

ԵԱՀԿ-ն լրջորեն մտահոգված է Ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակի վատթարացմամբ,-«Ինտերֆաքսին» տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նրա խոսքով, ձգձգված հակամարտությունների լուծման հարցում առաջընթացի հասնելն իռլանդական նախագահության, եւ ընդհանրապես ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է: Նրա խոսքով, եթե Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հարցում որոշակի առաջընթաց է գրանցվել, ապա ԼՂ-ի հակամարտության շուրջ իրավիճակը լավատեսություն չի ներշնչում միջազգային միջնորդների մոտ: «Բոլորն անհանգստացած են առաջընթացի բացակայությամբ եւ տեղերում իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարի սպանվել է 28 մարդ: Ես անձամբ կիսում եմ այդ անհանգստությունը»,-ընդգծել է Զանիերը:

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել Մինսկի խմբի եւ նրա համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ջանքերը: «Սակայն ոչ մի միջազգային ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմերը չունեն քաղաքական կամք՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ համաձայնության հասնելու համար: Ես այս մասին ընդգծել եմ Նյու Յորքում երկու երկրների Արտգործնախարարների հետ վերջերս ունեցած իմ հանդիպումների ժամանակ: Ապագային միտված կողմնորոշումը միակ միջոցն է լարվածությունը կանխելու եւ տարածաշրջանի երկար սպասված անվտանգությունն ապահովելու համար»,-նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Անդրադառնալով Վրաստանին, Զանիերը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն Եվրամիության ու ՄԱԿ-ի հետ միասին համանախագահում է Ժնեւի միջազգային բանավեճերում, որոնք սկսվել են 2008-ի ռուս-վրացական օգոստոսյան հակամարտությունից հետո:

«Դատելով այս պահին արված հայտարարություններից, ես վստահ եմ, որ Վրաստանի նոր կառավարությունը հավատարիմ կլինի Ժնեւյան բանավեճերին մասնակցելու դիրքորոշմանը՝ դրական եւ կառուցողական առումով»,-հայտարարել է Զանիերը:

Թողնել պատասխան

Back to top button