ԿարևորՀասարակություն

Ռուբեն Սաֆրաստյան.«Արևմուտքը ոչ մի կերպ չի կարողանում տապալել Ասադի ռեժիմը»

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Փորձ է արվում սիրիական իրադարձությունները տարածել դեպի Լիբանան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր կարծիք է հայտնել արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Մի քանի օր առաջ Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները սակայն տարածում չգտան լիբանանյան բանակի շնորհիվ: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով` սակայն պետք է մոռանալ, որ Լիբանանի հյուսիսում այնպիսի գոտիներ են ստեղծվել, որոնք դուրս են Լիբանանի իշխանության վերահսկողությունից և այնտեղ տեղակայված են սիրիացի ապստամբների ճամբարները:

Արևմուտքը ոչ մի կերպ չի կարողանում հաջողության հասնել Սիրիայում ու տապալել Ասադի ռեժիմը, արևմուտքի և Թուրքիայի նախնական հաշվարկները սխալ դուրս եկան: Սիրիացիները չեն պառակտվում, իսկ իրենց ընդդիմադիր համարող գրոհայինները մեծ մասամբ դրսի ուժեր են, որոնց նպատակն է ջիհադ իրականացնել Սիրիայում: Նման պայմաններում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այլևս անիմաստ է համարում սիրիական իրադարձությունների նախնական փուլում նախանշած սցենարը, ըստ որի չէր բացառվում պատերազմի ավարտ Ասադի ռեժիմի պահպանման դեպքում: Նա որոշակի ազդանշան համարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` սիրական իրադարձություններին միջամտելու նպատակով լրջորեն նախապատրաստվելու մասին արված հայտարարությունն ու Թուրքիայի կողմից Սիրիայի հետ բուֆերային գոտի ստեղծելու հեռահար նպատակը:

Արևմուտքը նպատակ ունի պառակտում մտցնել նաև Իրանի վերնախավում և Թեհրանին միջուկային զենք ունենալու մեջ մեղադրելը զուտ պատրվակ է` ըստ Ռուբեն Սաֆրաստյանի: Արևմուտքի հետախուզական ծառայությունները պարզել են, որ Իրանը դեռ ուրան է հարստացնում և գործընթացը կավարտվի եկող տարվա մայիս-հունիս ամիսներին:

Թողնել պատասխան

Back to top button