ԿարևորՀասարակություն

Ավելացնել կրեատիվությունը, պակասեցնել երեխաների կերպարների օգտագործումը գովազդում (տեսաշար)

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

Հոկտեմբերի 25-27-ը Երևանի քաղաքապետարանի և հայաստանյան գովազդային հանրության նախաձեռնությամբ Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կանցկացվի «Պոպոք» գովազդի միջազգային երրորդ փառատոնը: Նպատակը միջազգային և Հայաստանի գովազդային ընկերությունների միջև հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է, հայկական գովազդի շուկայում հետաքրքիր, կրեատիվ գովազդներ ստեղծողների բացահայտումը, հայաստանյան գովազդային շուկայում գործող մասնագետների մակարդակի աճը: «Փառատոնին այս տարի մասնակցելու են հեղինակավոր ընկերություններ` 15 երկրից: Սա լավ առիթ է, որպեսզի կարողանանք փորձառու մասնագետների հետ քննարկել մեր քաղաքի բրենդավորման հետ կապված հարցեր: Փառատոնի շրջանակներում քննարկելու ենք Երևանի արտաքին ձևավորման հարցերը, մշակվելու է է նաև գովազդային հայեցակարգը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

«Պոպոք» գովազդի միջազգային փառատոնի հիմնական` «Հեռուստա և վիդեոգովազդ», «Տպագիր և արտաքին գովազդ», «Թվային և նոր գովազդակիրներ», «Ռադիոգովազդ», «Մարքեթինգային արշավ» և «Գրաֆիկական դիզայն» անվանակարգերին այս տարի ավելացել է ևս մեկը` «Գիրք» անվանակարգը, որը սահմանվել է Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով։ «Պոպոք» երևանյան միջազգային գովազդի փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը շատ կարևորել է փառատոնի ընթացքում անցկացվող վարպետության դասերը, որոնք կօգնեն հայկական գովազդային ընկերություններին մրցել աշխարհի ուժեղների հետ: Պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցերին` Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ հայաստանյան գովազդում զարգացման գործընթաց կա, բայց կրեատիվության պակաս դեռ նկատվում է: «Ամենաշատը կարևորում եմ գովազդի համապատասխանությունը օրենքի տառին: Ամենաշատ խախտումները, որ այսօր կատարվում են, երեխաների կերպարների կիրառումն է տարբեր գովազդային հոլովակներում այնպիսի ապրանքներ գովազդելիս, որոնք կապ չունեն երեխաների հետ: Այս հնարքը կիրառվում է, քանի որ երեխաների օգտագործումն ամենաազդեցիկ ձևերից է»:

Հայաստանյան գովազդում զարգացման պրոցես Արմեն Մարտիրոսյանը տեսնում է, բայց մեծ փոփոխություններ հնարավոր չեն այնքան ժամանակ, քանի դեռ գովազդը վաճառվում է ոչ թե վարկանիշով, այլ րոպեով:
Արազ Բաղդասարյանի կարծիքով, հակառակը, հայկական գովազդներում հետաքրքիր լուծումներ վերջին տարիներին առավել հաճախ են գտնվում: Նրա դիտարկմամբ` մեր գովազդներում կրեատիվ մտածողությունը սկսել է գերիշխել` դրանով մոտենալով միջազգային ստանդարտներին: «Հոգեբանական նրբությունները կիրառելու առումով հայկական գովազդային հոլովակները բավականին առաջ են գնացել:Առաջընթացը մասամբ նաև ճաշակի առումով է նկատելի»,-ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ի դեպ, նրա գնահատմամբ` ծխախոտի, ալկոհոլի պես վնասակար է քաղցրավենքի գովազդը. «Գրեթե սպիտակ թույն է, որի գովազդը պետք է սահմանափակել»:

Հոգեբանական նրբություններով հագեցած գովազդներից լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը երբեմն ազդվում է: Նրա դժգոհությունները գովազդի լեզվից են: Ճիշտ ընդունելի հայերենով գովազդներ, իհարկե, ունենք, նրա համար մերժելի են օտար լեզուներով հնչող գովազդները: Իսկ հումորային գովազդների տակ անպայման հասկանում են փողոցային ժարգոն, հնարած բառեր, որոնք ապտակ են հայոց լեզվին: Գովազդային լեզուն նաև սահամնափակ է, իսկ պատճառները լեզվաբանն առաջարակեց փնտրել դպրոցական ու ԲՈՒՀ-ական ուսուցման մեջ:

Թողնել պատասխան

Back to top button