Հասարակություն

ՄԱԿ-ը նշել է Հայաստանում իր գործունեության 20 ամյակը (Ֆոտոշարք)

Լիլիթ Մուրադյան

«Ռադիոլուր»

Վաղը ՄԱԿ-ը նշելու է հիմնադրման 67-ամյակը: Իսկ այսօր նշել է Հայաստանում գործունեության 20 ամյակը: Օրվա առիթով ՄԱԿ-ի մշտական հաակարգողի, փոխարտգործնախարարի, Տրանսպորտի և կապի փոխնախարարի, ինչպես նաեւ «ՀայՓոստ» ՓԲԸ ներկայացուցիչների կողմից մարվել է ՄԱԿ-ի փոստային հատուկ նամականիշը, որը «ՀայՓոստի» կողմից թողարկվում է գեղաթերթիկի վրա և նվիրված է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 20-ամյակին: ՄԱԿ-ի գործունեությունը լավագույնս լուսաբանած լրատվամիջոցների ներկայացուցիչները մրցանակներ են ստացել: Առաջին մրցանակը` դյուրակիր համակարգիչ ստացել «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության թիմը, երկու երկրորդ մրցանակների են արժանացել Լիանա Գյոզալյանը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա» ռուսալեզու թերթից և Նարեկ Մանուկյանը՝ «1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցից: Երրորդ մրցանակակիր է դարձել Էլեոնորա Արարատյանը՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությունից:  Պաշտոնական արարողությունից հետո փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը ներկաներին տեղեկացրել է , որ այսօր նաեւ լրանում է ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևայի պաշտոնավարման ժամկետը: Հրաժեշտ տալով Հայաստանի իր գործընկերներին, Դաֆինա Գեռչեւան շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը արդյունավետ համագործակցության ու աջակցության համար:
«Անցած 20 տարիներին, համագործակցելով գործընկերների հետ, մենք նպաստել ենք երկրի զարգացման նպատակների իրագործմանը՝ պետության կարողությունների զարգացման, օրենսդրական բարեփոխումների աջակցման և սոցիալական կապերի ու երկրի դիմակայունության ամրապնդման միջոցով: Իմ խորին երախտիքն եմ հղում Հայաստանի ժողովրդին, որը խորապես հավատում է հանուն խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների մեր աշխատանքին»,- հավելել է ՄԱԿ-ի մշտական համակարգողը:

Թողնել պատասխան

Back to top button