ԿարևորՔաղաքական

Հեղափոխություն՝ կրթության մեջ, էվոլուցիա՝ աշխատավարձերում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»


Ազգային ժողովն այսօր շարունակել է հերթական քառօրյայի աշխատանքը: Խորհրդարանական երկրորդ օրը օրվա քննարկումները հիմնականում վերաբերել են կրթական ոլորտին: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորների դատին է ներկայացրել կրթության և հանրակրթության օրենքներում փոփոխություններ առաջարկող նախագծերը:
Փաթեթը, նախարարի բնորոշմամբ, հեղափոխական բնույթ ունի և սկիզբ է դնում մի գործընթացը, որի ավարտը նախանշվում է 2022 թվականին միայն: Փոփոխություններով սահմանվում են ներառական կրթության կազմակերպման նոր սկզբունքներ: «Ձեր հավանությանն արժանանալու դեպքում մենք հավակնում ենք Հայաստանի կրթության պատմության մեջ բացել նոր էջ, չեմ վախենում այդ բառից, իրականում հեղափոխական էջ»:
Հայաստանում գործում է ներառական 107 դպրոց, դրանց թիվը տարեկան ավելանում է 15-ով, սակայն անհրաժեշտ է Հայաստանում ստեղծել միասնական կրթական տարածք բոլոր երեխաների համար, քննարկման ժամանակ ասաց կրթության և գիտության նախարարը:
Օրենսդրական փոփոխությունների գործարկման արդյունքնում էապես կնվազի Հայաստանում հատուկ դպրոցների թիվը և դրանց փոխարինելու կգան ներառական դպրոցները, որտեղ կրթությունը կազմակերպվում է միասնական սկզբունքներով բոլոր երեխաների համար՝ անկախ ֆիզիկական խնդիր ունենալու կամ չունենալու հանգամանքից:
Փոփոխությանը գնալուն դրդել են նաև ֆինանսական հաշվարկները։ Հատուկ դպրոցներում կրթությունը, ըստ նախարարի, թանկ է և անարդյունավետ: Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ մեկ երեխայի ուսուման համար պետությունը մեկ տարում հատուկ դպրոցում ծախսում է 1 մլն դրամ, ներառական դպրոցում՝ 250 հազար։
Նախագիծը թեև օպտիմալացնում է ծախսերը, բայց նաև լուրջ ֆինանսական ներդրումն է անհրաժեշտ համակարգը ստեղծման համար:
Ըստ Աշոտյանի՝ կառավարությունը գիտակցում է, որ գործընթացը լուրջ ծախսեր է պահանջելու, բայց պատրաստ է առաջիկա տարիներին համապատասխան հատկացումներ կատարել: Օրենքի ընդունվելու դեպքում կսկսի գործել 2014 թ-ից միայն։
Օրվա ավարտին խորհրդարանն անցավ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին օրենքի» քննարկմանը: Նախագծով առաջարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը գործող 32500-ի փոխարեն սահմանել 35000 դրամ: Որպես կանոն եկամուտների նվազագույն շեմին վերաբերող նախածերը խորհրդարանում բուռն քննարկումների են արժանանում: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ:
Ինչու 35000 դրամ, և արդյո՞ք այդքան է անհրաժեշտ նվազագույն ծախսերը հոգալու համար, նիստերի դահլիճում կրկին հնչեցին հարցադրումներ: Օրինագծի հիմնավորման մեջ կառավարությունը նշել է, որ 2012-2017թթ. ծրագրով նպատակադրված է նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատիկ բարձրացում ապահովել, բայց առաջիկա տարվա համար փոքր բարձրացում է նախատեսում: Թե ինչու է բարձրացումն ըստ տարիների անհամաչափ, նախարարը պարզաբանեց՝ բարձրացման գրաֆիկը ընտրվում է ըստ ֆինանսական հնարավորությունների: 2014-15 թթ. ունենալու ենք ֆինանսական ավելի բարվոք ռեժիմ և հնարավոր է լինելու ապահովել ավելի մեծ ծախսեր:

Թողնել պատասխան

Back to top button