ԿարևորՔաղաքական

«Ցանկացած աշխատանքից բավարարված պետք է լինի հասարակությունը». ՀՀՌԽ նախագահն ԱԺ ներկայացրեց հաշվետվություն վերջին անգամ

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստերի  աշխատանքը:  Օրակարգում ընդգրկված է 63 հարց, այդ թվում ՝ 12 միջազգային պայմանագիր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է  «Ժառանգություն» խմբակցության նոր պատգամավորին՝  Թեւան Պողոսյանին՝  պատգամավորական մանդատ ստանալու առիթով: Վերջինը պատգամավոր է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո։ Այսքանով,  սակայն «Ժառանգությանը» վերաբերող հարցերը չեն սպառվել:

Ինչ վերաբում է  խորհրդարանական քննարկումներին, ապա դրանք նիստերի դահլիճում  այսօր ծավալվել են   հիմնականում մեկ թեմայի շուրջ: Ներկայացվել են  Հանրային հեռուստառադիոընկերության 2010  և 2011 թվականների  գործունեության վերաբերյալ խորհրդի երկու հաղորդումնները:
Սերիալներ, հեռուսատագովազդ, հաղորդումների թեմատիկ ուղղվածություն, քաղաքական հավասարակշռության ապահովում. պատգամավորների հարցերը վերաբերում էին այս թեմաներին:  Սերիալների կապակցությամբ Ալեքսան Հարությունյանը նշեց, որ դրանք միշտ կարելի է քննարկել և միշտ կարելի է ավելի լավ որակի սերիալներ նկարահանել:
Այժմ Հ1-ի եթերով 2 հեռուսատսերիալ է հեռարձակվում, և դրանք ըստ խորհրդի նախագահի, եթե չեն օգնում, ապա չեն էլ վնասում հեռուստադիտողին:
Ի դեպ, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնավարման 2-րդ ժամկետը մոտենում է ավարտին:
Սա հիշեց  և խորհրդի նախագահին հիշեցրեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը. «Բավականին երկար  ղեկավարել եք Հանրային հեռուստառադիոնընկերության խորհուրդը: Այսօր, երբ մոտենում է Ձեր պաշտոնավարման ավարտը, արդյո՞ք հանգիստ եք հեռանում, որ բավարար ազնիվ եք օգտագործել հարկատուների գումարները»:

«Ես իմ գործունեության ավարտին պատրաստվում եմ մանրամասն հաշվետվությամբ հանդես գալ: Ինչ վերաբերում է հարցին՝ բավարարված եմ իմ արածից  թե ոչ, ապա  ցանկացած աշխատանքից  բավարարված պետք է լինի հասարակությունը: Ես կասեմ կարճ` վատ չեմ աշխատել»,- խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
Հավելեմ նաև, որ այսօր խորհրդարանում նաև ընտրություններ կազմակերպվեցին։ Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի աթոռը թափուր էր  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո:
ԲՀԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:
Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 75 կողմ, 4 դեմ  հարաբերակցությամբ նա  ընտվեց ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button