ԿարևորՎերլուծական

Սիրիական խնդրի լուծման լավագույն եւ վատագույն սցենարները

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Սիրիական իրադարձությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում կտուժի նաև Հայաստանը: Եթե Արևմուտքին ու Թուրքիային հաջողվի տապալել Ասադի ռեժիմը, ապա Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն, ինչը, ըստ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ կանդրադառնա նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա։
Ըստ Գագիկ Հարությունյանի՝ լավագույն լուծումը կլինի, երբ Իրանի եւ ամերիկյան վարչակարգի միջեւ ստեղծվեն փոխհամաձայնության պայմաններ: Հակառակ դեպքում՝ Թուրքիան կհասնի իր փափագած երազանքին:
Սիրիական պատերազմից անելանելի վիճակում են հայտնվել սիրիահայերը: Մարտական գործողությունները ծավալվում են հենց այն թաղամասերում, որտեղ բնակվում են հայերը:
Սիրիայում բնակվող մեր գործընկեր Նազարեթ Էլմաջյանը «Ռադիոլուրին» հեռախոսազրույցում հայտնեց, որ սիրիահայերն այս ծանր վիճակում աջակցություն են սպասում հայրենիքից։
Որքան էլ ծանր է վիճակը, շատ սիրիահայեր դժվարանում են թողնել իրենց տունը։ «Այնքան բան ենք ստեղծել, ինչպես թողնենք ու դուրս գանք»,- ասում է զրուցակիցս:
Բացի դա՝ Հայաստանում, ըստ նրա, գործարարությամբ զբաղվելու պայմանները նպաստավոր չեն։
Հայաստանում բնակվող սիրիահայերի կարծիքները այս հարցում իրարամերժ են. ոմանք գոհ են պետական աջակցությունից, ոմանք՝ դժգոհ, ոմանք էլ մտադիր են վերադառնալ Սիրիա, քանի որ Հայաստանում նրանց համար ապրելն ավելի դժվար է, քան պատերազմական Սիրիայում…
Իրաքյան պատերազմի ժամանակ որևէ պետական մոտեցում չցուցաբերվեց՝ ի տարբերություն սիրիականի։ ՀՀ-ն անում է այնքան, որքան հնարավոր է, իրավիճակը բացատրում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախագահը։ «Հինգ հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, սակայն սուղ միջոցների հաշվին հնարավոր չէ բոլորին ընդունել։ Այդ ծավալի աշխատանքի պատրաստ չեն ոչ Հայաստանը, ոչ էլ սիրիահայերը»:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button