ԿարևորՔաղաքական

Ռ.Հակոբյան.«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն այլևս չի ներկայացնելու «Ժառանգության» խմբակցությունը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովն այսօր սկսել է հերթական քառօրյա նիստերի  աշխատանքը:  Օրակարգում ընդգրկված է 63 հարց, այդ թվում ՝ 12 միջազգային պայմանագիր: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է  «Ժառանգություն» խմբակցության նոր պատգամավորին՝  Թեւան Պողոսյանին՝  պատգամավորական մանդատ ստանալու առիթով: Վերջինը պատգամավոր է դարձել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականից հետո։ Այսքանով,  սակայն «Ժառանգությանը» վերաբերող հարցերը չեն սպառվել: Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարել է , որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն այլևս  որեւէ ձեւաչափով չի ներկայացնելու «Ժառանգության» խմբակցությունը: Այս, որոշումն, ըստ Հակոբյանի կայացվել է խմբակցության նիստում:

Խաչատուր Քոքոբելյանն իր հերթին   հայտարարել է, թե  ինքն էլ այդ նիստի ժամանակ առաջարկել է, որ Ռուբիկ Հակոբյանը դուրս գա խմբակցությունից։

«Ես չեմ ցանկանում մեր կուսակցության ներքին խնդիրները բերել ԱԺ, սակայն ուզում եմ հայտարարել, որ ես ու Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ ներկայացնում ենք հասարակական սեկտորը, ֆորմալ առումով մնալով խմբակցությունում, կներկայացնենք «Ազատ դեմոկրատներին»»։

Ի դեպ, ԲՀԿ պատգամավորներն այսօր մասնակցել են  ԱԺ նիստերին: Նրանք նախորդ քառօրյայի ժամանակ բոյկոտել էին խորհրդարանի աշխատանքը ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշման դեմ: Այսօր խորհրդարանում կազմակերպվել են  Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրություններ: Հանձնաժողովի նախագահի տեղը թափուր էր  ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո: ԲՀԿ խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը:

Թողնել պատասխան

Back to top button