ԿարևորՄշակույթ

Նոյեմբերի 9-ին Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի ելույթը` Արամ Խաչատրյան համերգասրահում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը բացի երաժշտական խոշոր իրադարձություն լինելուց նաեւ մեր երկիրը ներկայացնելու հզոր զենք է դարձել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման գնահատական է տվել «Երևանյան հեռանկարներ» հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը: Ըստ նրա` անվանի դաշնակահար Եվգենի Կիսինը նախ պատվեց Հայաստանն իր ներկայությամբ, ապա փառատոնի շրջանակներում մեղադրեց Թուրքիային` դատապարտելով Ցեղասպանությունը: Իսկ այժմ էլ Հայաստանում սպասվում է մի նոր խոշոր մշակութային իրադարձություն:

«Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնն այս տարի ներկայացնում է խոշոր իրադարձություն հայկական երաժշտարվեստում: Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Նիդերլանդներից ժամանած Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը` 120 հոգանոց կազմով` լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի գլխավորությամբ: «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դիտարկում արեց, թե նվագախմբի ելույթը մշակութային շոկ է Հայաստանի համար: «Դժվար է խոսել այն մասին, թե ինչպես հաջողվեց հրավիրել նրանց»,-ասաց կոմպոզիտորը` միաժամանակ ընդգծելով, որ դա հաջոցվեց շնորհիվ այն բանի, որ «Երեւանյան հեռանկարներ» փառատոնն աշխարհի հզոր երկրների հեղինակավոր փառատոների կողքին արդեն իր տեղն ունի:

Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այն համոզմանն է, որ աշխարհահռչակ երաժիշտներին Հայաստան հրավիրելը ծառայում է որպես մեծ զենք մեր երկրի համար: Իսկ դրա օրինակը կա: Մենք տեսանք, թե ինչպես անվանի դաշնակահար Եվգենի Կիսինն իր համերգով այստեղ բողոք ներկայացրեց Թուրքիայի դեմ` Ցեղասպանությունը դատապարտելով, ինչն այլ դեպքերում կարելի էր անել միլիոններ ծախսելով»,-ասաց Ռոստոմյանը:

Փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի գնահատմամբ` Թագավորական նվագախմբին Երեւան հրավիրելը համարձակ, ընդհուպ մինչեւ հանդուգն գաղափար էր: «2008-2009թթ. Նվագախմբից պատասխանել էին, որ մինչեւ 2015թ.-ը, երբ լրանում է նվագախմբի 125-ամյակը, իրենք չեն կարող հրավեր ընդունել` բազմաքանակ հրավերների պատճառով: Սակայն եղան լուրջ բարեխոսողներ, եւ մերժելով մյուս երկրներին` նվագախումբը համաձայնեց մեկ օր հանդես գալ Երեւանում»: Հովհաննիսյանը նկատեց, որ դեռեւս ոչ մի նվագախումբ չի պահանջել տեխնիկական նման պատրաստվածություն. «Ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք, սակայն անելիքներ դեռ շատ կան: Նվագախումբը ժամանելու է մարդատար եւ բեռնատար ինքնաթիռներով` բերելով 4400 կգ տեխնիկա, այդ թվում` մեկ միլիոն դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ»:

Հաջորդ տարի «Երեւանյան հեռանկարներ»-ի շրջանակներում Հայաստանը կհյուրընկալի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին: «Նման նվագախմբերին հյուրընկալու համար առհասարակ մեծ գումարներ են պետք, բայց մենք համեստ միջոցներով կարողացանք դա կազմակերպել: Ծախսված բոլոր միջոցներն արդարացված են, քանի որ մշակույթի բնագավառում Հայաստանի առաջ նոր ճանապարհներ են բացվում», ընդգծեց փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button