ԿարևորՀասարակություն

ՀՀ նախագահը «Դալմա Գարդեն մոլում» ու «Արմպրոդէքսպոյում» (ֆոտոշարք)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:

Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում:
Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ:
Առևտրային գոտում ապրանքանիշներ և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ:
«Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:

Համալիրի բացման արարողությունից հետո նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք և խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաև ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը ևս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում:
Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է «Արմպրոդէքսպո»-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին և զարգացման ծրագրերին:

Թողնել պատասխան

Back to top button