ԿարևորՀասարակություն

Հայ բարեգործականի ընդհանուր ժողովը՝ Մայր աթոռում

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Այսօր Մայր Աթոռ սբ. Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում բացվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 87-րդ ընդհանուր ժողովը։ Աշխարհասփյուռ բարերարների միավորող ՀԲԸՄ գործունեությունն ուղղված է Սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ու հայրենիքի զարգացմանը:

Հայկական բարեգործական ընդհանուր  միությունը  ստեղծվել է 1906թ-ին Կահիրեում։ Առաջին նախագահը եղել է Պողոս Նուպար փաշան, ապա Գալուստ Գյուլբենկյանը, Ալեք Մանուկյանը և այլք:
Կառույցը տարբեր մշակութային և մարդասիրական ծրագրերով  պահպանում և զարգացնում է հայկական ազգային գիտակցությունն ու ժառանգությունը:  Աշխարհի 26 երկրում  գործում են 145  գրասենյակներ: Տարեկան 400 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:

 

«Այսօր մեր առջև դրված են գլխավոր խնդիրներ՝ հայ ժողովրդի համար   հուսալի ապագայի ստեղծումը, Հայաստանի և Սփյուռքի միջև արդյունավոր հարաբերությունների մշակումը, Արցախի անկախության  և ինքնորոշման ճանաչումը, ցեղասպանության 100- ամյակին ընդառաջ՝ ճանաչումի և հատուցումի խնդիրները»,- ասաց  Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:
Բարեգործականի ղեկավարը Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման մեջ կարևորեց  համագործակցությունը,  սփյուռքի  ու Հայաստանի գործարար կապերի ամրապնդումը և նպատակային ներդրումները: Սփյուռքում օրեցօր նվազում  է աշակերտների թիվը, որը իր հերթին  մի նոր խնդրի առաջ է կանգնեցնում հայկական վարժարաններին։
Անդրադառնալով սիրիահայության խնդիրներին՝ Պերճ Սեդրակյանը նշեց, որ ստեղծել են սիրիահայության հարցերով զբաղվող կենտրոն, որով օժանդակություն կցուցաբերվի կարիքավորներին:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ հայտնեց որ կառավարությունը Հայաստանում Սիրիայի մեր հայրենակիցների համար 500 մլն դրամի զեղչեր է կիրառվել, իսկ Սիրիայում այժմ իրականացնում է «Օգնություն եղբորդ» ծրագիրը:
ՀԲԸՄ 87-րդ ըդհանուր ժողովի մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով՝ մեծահարուստներն ազգի նկատմամբ պետք է կրեն սոցիալական պատասխանատվություն, որոնք իրենց գործունեությամբ հավերժացվում են ժողովրդի մեջ՝ մեջբերելով հատնի բարերար Ալեք Մանուկյանի վառ օրինակը, ում աճյունն ամփոփված է Մայր Աթոռում:
Ժողովի շուրջ 300 մասնակիցներին իր հայրապետական օրհնությունը բերեց  Վեհապառ Հայրապետը։ «Բարեգործականը մշտակի  զորակից է եղել առաքելական սբ. Եկեղեցու և Մայր աթոռ սբ. Էջմիածնի առաքելությանը, հոգևոր կյանքի բազում հոգսեր հանձն  առել և հաղթահարել են  բարեգործականի անդամները՝ շատ խնդիրներ վճռել առատաձեռն սրտաբուխ  նվիրումներով»։
Հայոց հոգևոր առաջնորդը ներկաներին հրավիրեց մասնակցելու  վիթխարի խաչի օծման և օրհնման արարողությանը, որն այսօր բացվեց  Արագածոտնի մարզում, Տառերի պուրակից քիչ հեռու: Խաչի վրա ամեն տարի կավելանա նոր խաչ:

Թողնել պատասխան

Back to top button