ԿարևորՏնտեսական

«Արմավիա»-ի եւ «Զվարթնոց»- ի հակամարտության հայտնի եւ գաղտնի կողմերը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Անցյալ շաբաթն իր հետ բերեց, սակայն իր հետ չտարավ այն լարվածությունը, որն առաջացավ «Զվարթնոց» օդանավակայանի եւ «Արմավիա» ազգային ավիափոխադրողի միջեւ: Լրատվամիջոցները ստիպված էին շարունակ հետեւել իրադարձություններին` օրը մի քանի անգամ իրազեկելով, թե երբ «Զվարթնոց»-ը վերսկսեց մատակարարել «Արմավիա»-ի չվերթերը եւ երբ կրկին դադարեցրեց:
«Զվարթնոց» օդանավակայանի հանդեպ «Արմավիա»-ի պարտքն արդեն գերազանցել էր թույլատրելիի սահմանը` այն է` 2 մլն 360 հազար դոլար: Դրանից տուժեցին իրենց չվերթի համար այս ավիաընկերությունն ընտրած քաղսքացիները, ովքեր օրեր շարունակ քաշքշուկի և անորոշ վիճակի մեջ էին հայտնվում:
«Արմավիա»-ն հնարավորության սահմաններում շատ շտապողներին տեղափոխեց այլ միջոցներով, մյուս սպասողներին կերակրեց, սակայն խնդիրը շարունակեց մնալ պարտքի եւ պարտքը պահանջելու հարթության մեջ:
Շատերը հայկական ավիափոխադրումների խնդիրները վերագրում են մենաշնորհային շուկային, որոշ շրջանակներում էլ «Արմավիա»-ի և «Զվարթնոց»-ի ֆինանսական խնդիրները համարում են արհեստականորեն ստեղծված, պնդում, որ ոմանք «Արմավիա»-ին մտադրված են տանում սնանկացման, որպեսզի ավելի էժան գնով ձեռք բերեն այն:
Ընդ որում` այս պնդումները երբեմն հիմնավորվում են հանգամանքով, որ «Արմավիա»-ի պարտքի մասին «Զվարթնոց»-ը սկսեց կատեգորիկ արտահայտվել հենց այն ժամանակ, երբ հայտարարություն տարածվեց «Արմավիա»-ի վաճառվելու մասին: Այս համընկնումների մասին «Զվարթնոց»-ն ունի իր պնդումները: Համընկնում չկա, իսկ «Զվարթնոց»-ը երբեք չի ուզեցել եւ չի էլ ուզում գնել «Արմավիա»-ն, ասում է օդանավակայանի մամուլի խոսնակը։
Հանգստյան օրերին այսպես ասած խաղաղ հանգրված մտած հակամարտության հետագա զարգացումների մասին կանխատեսումներ անել դժվարանում են եւ «Արմավիա»-ում, եւ «Զվարթնոց»-ում, փոխադարձաբար խնդիրները վերագրում միմյանց:
«Արմավիա»-ում այս ամենի հետեւանքով տեսնում են իրենց համբավին հասցված վնաս: Դրանից տուժեց նաեւ քաղաքացիների վստահությունն ավիաընկերության նկատմամբ: Ինչ անուն տալ այս ամենին` թշնամանք, կանխամտածված գործողություններ «Արմավիա»-ի վաճառքի շեմին, թե զուտ պայմանագրային հարաբերություններից բխող գործընթաց: Թշնամանք բառը եւ ոչ մի կողմում էլ չեն օգտագործում:
«Արմավիա»-ի մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան շատ հարցերի պատասխաններ դեռ թողնում է առաջիկային` մոտ կամ հեռու, դա էլ հստակ չէ, մինչեւ կհայտնվի «Արմավիա»-ի նոր բաժնետերը, կհայտարարի նախ իր անունը, ապա` մտադրությունների եւ ծրագրերի մասին:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button