ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովի հիմքում ընդհանուր կրթական տարածքի ամրապնդման և զարգացման խնդիրնեն էին


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Հոկտեմբերի 18-19-ը Երեւանում անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների 19-րդ համաժողովը եւ ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների 2-րդ համագումարը, որոնց մասնակցում են շուրջ 500 պատվիրակներ: Նախարար Արմեն Աշոտյանի տեղեկացմամբ`ինչպես ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարի, այնպես էլ նախարարական 19-րդ համաժողովի հիմքում ընդհանուր կրթական տարածքի ամրապնդման և զարգացման խնդիրնեն են: Քննարկվել են տարածաշրջանում առկա խնդիրներն ու ներկայացվել լուծման ուղիներ, որոնք բոլորն էլ դրական արձագանքի են արժանացել, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել են ԱՊՀ անդամ պետությունների ներկայացուցիչներն ու նշել , որ հաջորդ համագումարը կայանալու է 2014 թվականին Մինսկում:
Երևանում երեկ մեկնարկած ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների երկրորդ համագումարը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ 9 պետությունների ներկայացուցիչներ, այսօր արդեն ավարտվում է: Ամփոփելով արդյուքները ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ինչպես ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարի, այնպես էլ նախարարական 19-րդ համաժողովի հիմքում ընդհանուր կրթական տարածքի ամրապնդման և զարգացման խնդիրնեն էին: «Երեկ նախարարական 19-րդ համաժողովի ընթացքում քննարկվեցին նոր ծրագրեր, որոնք բոլոր մասնակիցների կողմից ստացան դրական արձագանք: Մասնավորապես պայմանավորվել ենք ստեղծել ԱՊՀ երկրների ցանցային քոլեջ, քննարկել նաև բարձրագույն կրթությանը վերաբերող հարցեր: Հայաստանը լինելով Բոլոնիայի քարտուղարությունը ստանձնած երկիր, առաջարկել է իր մեթոդական օգնությունն ու աջակցությունը ԱՊՀ կրթական տարածքում բարեփոխումներ իրականացնելու ընթացքում»:
Կրթական նոր ծրագրերից քննարկվել են նաև երկդիպլոմներ տրամադրելու ու արվեստի ոլորտում կրթություն ստանալու խնդիրները: Մեծ ուշադրություն է հատկացվել նաև «Եվրոստուդենտ» կրթական ծրագրին, ըստ որի 2012-15 թթվականներին առանձնակի ուշադրության կենտրոնում են լինելու ուսանողների կենսապայմանները: Ինչպես իր հերթին նկատեց Ռուսաստանի ԿԳ փոխնախարար Իգոր Ռեմորենկոն, համագումարի բոլոր մասնակիցների ուշադրության կենտրոնում կրթական որակի բարելավումն էր: Ուկրաինայի ներկայացուցիչ Իրինա Զայցեվան Էլ բարձր գնահատեց այն հանգամանքը, որ համագումարի ընթացքում ոչ միայն ներկայացվում էին խնդիրները, այլև մատնանշվում էին լուծման ուղիները: «Մի քանի նախաձեռնություն էլ Ուկրաինայի պատվիրակությունը ներկայացրեց և շնորհակալությամբ ընդունեց այն ամենն ինչ առաջարկվեց: Իսկ Ուկրաինայի պատվիրակությունը բավականին մեծ է. 19 անդամ, որոնք ներկայացնում են Ուկրաինայի կրթական համակարգի բոլոր ոլորտները»: ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների եւ ուսուցիչների հաջորդ համագումարը կանցկացվի 2014 թվականին Մինսկում: 3-րդ համագումարի հիմքում լինելու են ավագ դպրոցի հոսքային ուսուցմանը վերաբերող խնդիրները: