ԿարևորՏնտեսական

30 միլիոն դրամի չափով տուգանք` «ԱրմենՏելին», խիստ նկատողություն` «Հարավկովկասյան երկաթուղուն»

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում քննվել են մի շարք քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները մի քանի խոշոր ընկերությունների նկատմամբ: Հանձնաժողովը ստացել է դժգոհություններ «ԱրմենՏել», «Հայփոստ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների գործունեության վերաբերյալ:
Մասնավորապես, Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը» մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Սպառողներն էլ օգտվել են այն փաթեթից, որի գինը ավելի էժան է եղել, սակայն հետագայում նրանցից գանձվել է անհամեմատ բարձր գին: Ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, «ԱրմենՏելի» վարքագիծն անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվում է ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով: «Կոչ եմ անում այն քաղաքացիներին, ովքեր այս գործունեության ընթացքում խաբվել են, մեկ անգամ ևս ուշադրություն դարձնեն իրենց վճարումներին, և եթե տեսնեն, որ խաբվել են, մոլորվել են, ապա դատական կարգով վնասների փոխհատուցում պահանջեն «ԱրմենՏել» ընկերությունից»,- նշել է Արտակ Շաբոյանը:

****

Մի շարք սպառողներ էլ դիմել են հանձնաժողովին՝ դժգոհելով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունից: Խոսքը վերաբերում է մասնավորապես տոմսերի վաճառքի և դրանց հետ վերադարձի խնդիրներին: Ըստ բողոքների, եթե ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ է լինում տոմսը վերադարձնել, ապա ընկերությունը էլեկտրոնային տոմսերի դեպքում դրանք ընդհանրապես հետ չի վերցնում, իսկ թղթայինի դեպքում՝ գանձում է տուգանք` տոմսի արժեքի 15%-ի չափով: Սպառողները նաև բողոքում են, որ «Հարավկովկասյան երկաթուղում» տոմսերի ձեռքբերման համակարգը այնպիսին է, որ թույլ չի տալիս միաժամանակ ձեռքբերել մեկնման և հետվերադարձի տոմսերը, ինչը լուրջ անհարմարություններ է պատճառում Վրաստան հանգստի մեկնողներին: Բացի այդ տոմսերի ձեռքբերման համակարգը թույլ չի տալիս սպառողներին վագոնում ազատ տեղերի միջև ընտրություն կատարել, սպառողների ընտրությունը վագոնում ազատ տեղերի առումով խիստ սահմանափակ է: Սպառողները բողոքում են նաև էլեկտրոնային տոմսերի բարձր գներից: Հարուցված վարույթի ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղին» վերոնշյալ խնդիրների հիմնական մասը լուծել է և գրավոր պարտավորություն է ստանձնել որոշակի ժամանակահատվածում շտկելու դեռևս այս պահին առկա խնդիրը՝ այն է նորից իջեցնել էլեկտրոնային տոմսերի գները:
Հանձնաժողովը հաշվի առնելով ընկերության կողմից խնդիրները արագ լուծելու փաստը, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը տվել է խիստ նկատողություն՝ միաժամանակ հանձնարարելով հետագայում բացառել սպառողների շահերը վնասող վարքագիծը, բացի այդ պարտավորեցնել, որպեսզի ընկերությունը պահպանի տոմսերի վաճառքի և վերադարձման ժամանակակից և համակարգը: Դիմում-բողոքներ են ստացվել մի շարք տնտեսվարողներից, ինչպես նաև շարքային քաղաքացիներից նաև այն մասին, որ «Հայփոստը» ժամանակին և պատշաճ չի կատարում իր պարտավորությունները: Հանձնաժողովը խստորեն զգուշացրել է նաև «Հայփոստին»՝ զերծ մնալ նման գործելաոճից, վերացնել խախտումները և սպառողներին մատուցել որակյալ և բարեխիղճ ծառայություններ:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button