ԿարևորՀասարակություն

Հայաստանի ու Եվրամիության միջև մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի նախաստորագրումն առաջընթաց մեծ քայլ էր,-հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարարը

«Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրի նախաստորագրումն առաջընթաց մեծ քայլ էր»,-հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: «Սա իսկապես դյուրացնում է ազնիվ մտադրություններով Շենգենյան գոտու երկրներ ճանապարհորդող անձանց տեղաշարժը»,-նշել է փոխնախարարը: Նրա խոսքով, սա վկայում է, որ Հայաստանը հիմնվում է եվրոպական արժեքների եւ չափանիշների վրա: Ըստ Զոհրաբ Մնացականյանի, վիզային ռեժիմի դյուրացումը քաղաքական տարր է պարունակում: Նշենք, որ Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար նախատեսվում են Շենգենյան գոտու երկրներ մուտքի վիզաներ ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով Եվրամիության երկրներ պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար, մասնավորապես` պաշտոնական պատվիրակության անդամների, գիտնականների, ուսանողների, լրագրողների, սպորտի եւ արվեստի գործիչների, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականների, ԵՄ երկրներում գործող հայկական սփյուռքի կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումների մասնակիցների  համար:

Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենյան մուտքի արտոնագրի գինը` դարձնելով 35 եվրո, ինչպես նաեւ այն դարձնել անվճար մի շարք կատեգորիաների քաղաքացիների, այդ թվում` երեխաների ու թոշակառուների համար: Վիզան տրամադրվում է դիմումը տալուց հետո երկու շաբաթվա ընթացում, որոշ անհետաձգելի դեպքերում կարող է տրամադրվել երկու օրվա ընթացքում: «Սակայն հարկ է հիշել, որ յուրաքանչյուր դեպքում որոշումը կայացնելու է կոնկրետ երկրի  դեսպանատան հյուպատոսական ծառայությունը: Դա համաձայնագիր է ԵՄ հետ, սակայն յուրաքանչյուր երկիր գնահատման իր մեխանիզմներն ունի»,-հիշեցրել է փոխնախարարը: Նշենք, որ ուժի մեջ մտնելու համար համաձայնագրերը պետք է համապատասխանաբար վավերացվեն Հայաստանի Ազգային Ժողովի եւ Եվրոպական խորհրդարանի կողմից:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button