ԿարևորՏնտեսական

Թալեբ Ռիֆա. Հայաստանում մարդիկ ջերմ են ու ժպտացող

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

«Երևանում մեկնարկած համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա գիտաժողովի ավարտին այսօր ստորագրվել է երևանյան հռչակագիրն ու նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ «Զբոսաշրջության էթիկայի համաշխարհային արժեքների նկատմամբ պարտավորությունների  ստանձնում» փաստաթուղթը:
Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆան ասում է, որ երկրները, ուր իրենք այցելում են ու նման պայմանագիր կնքում, պատահական չեն ընտրվում, դրանք զբողսաշրջության բնագավառում հեռանկար ունեցող երկրներ են:

«Հայաստանը բավականին գրավիչ է զբոսարշջիկների համար` հայկական մշակույթով, գյուղերով ու լեռներով: Եվ սխալ է ոմանց կարծիքը, թե ծովի բացակայությունը պակաս գրավիչ է դարձնում երկիրը»,  հայկական մշակույթով հիացած պատմում է Թալեբ Ռիֆան։
Նա ցավով է նշում, որ երկօրյա այցի ընթացքում անգամ չի հասցրել այցելել Հայաստանի գեղատեսիլ վայրեր, սակայն նախորդ այցելությունից բավականին տպավորված է:

Թալեբ Ռիֆայի տպավորությամբ՝ Հայաստանում մարդիկ ջերմ են ու ժպտացող. այլ երկրներում հազվադեպ կարելի է հանդիպել ժպտացող մարդկանց, ասաց:  Հայաստանը գունագեղ է, ամրություն և ուժ կա գյուղերում, իր կարծիքը հայտնեց Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանում զբոսաշրջության աճ է նկատվում, վեց անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը, իսկ դա նշանակում է, որ զարգացման հեռանկար կա:

Հաշվի առնելով հայ-թուրքական փակ սահմանի առկայությունը՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե չի՞ կածում արդյոք Թալեբ Ռիֆային, որ այն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը:
«Մենք կողմ ենք սահմանների բացմանը և միշտ չէ, որ իրողությունները գոհացուցիչ են»,- նշեց՝ հույս հայտնելով, որ նմանատիպ թնջուկները ժամանակի ընթացքում կլուծվեն:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ու Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայի ստորագրած Երևանյան կոչվող հռչակագիրը նպատակ ունի  զբոսաշրջությանը զարգացնելու նպատակով ամրապնդել միջմշակութային երկխոսությունը: Հռչակագրով  նախատեսվում է կրթել ու վերապատրաստել զբոսաշրջության բնագավառում աշխատող մարդկային ռեսուրսները:
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ զբոսաշրջությանը խթանելու նպատակով առաջիկա տարիներին 10 բրենդային  հյուրանոց կավելանան Հայաստանում:
Հիշեցնենք. առաջիկայում հյուրանոցի կվերածվի նաև ներկայիս արտգործնախարարության շենքը:

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button