ԿարևորՔաղաքական

Եթե կա կոալիցիոն հուշագիր, ապա բանակցելու կարիք չկա չկա. Գալուստ Սահակյանը` ՀՀԿ-ԲՀԿ շփումների մասին

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հանրապետականի եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության միջեւ այս պահին բանակցություններ չկան: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով այդ մասին խոսակցություններին` ՀՀԿ փոխնախագահ, խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, որ չի էլ հասկանում, թե ինչու պետք է բանակցեն: Կա փաստաթուղթ, որտեղ գրված է, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն պետք է պաշտպանի Հանրապետական կուսակցության թեկնածուին` հիշեցրել է Գալուստ Սահակյանը` շեշտելով, որ եթե նոր ասելիք չկա, ապա ինչի շուրջ պետք է բանակցեն: Եթե առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված երեք կուսակցությունների ստորագրած փաստաթուղթը չեղյալ չի համարվել, բնականաբար, դա պետք է հիմք ընդունել` նկատեց ՀՀԿ փոխնախագահը: Միաժամանակ, արձագանքելով հարցին, թե ամեն դեպքում արդյոք ՀՀԿ-ն առաջնորդվում է հենց այդ փաստաթղթով, Գալուստ Սահակյանը շեշտեց. «Մենք որեւէ բանով չենք առաջնորդվում: Մենք մեր խնդիրն ենք լուծում»:

Գալուստ Սահակյանին զարմացրեց դիտարկումը, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններ են ընթանում վարչապետի տեղի համար` «Դա ինչ նոր բան էր: Դեռ նախագահական ընտրությունները չսկսած վարչապետի հարց են քննարկո՞ւմ»,-հարցրեց նա: ՀՀԿ փոխնախագահը նաեւ նկատեց, որ սովորաբար ուժեղների հետ են բանակցում, ապա շեշտեց, որ հանրապետականն առաջին թիմն է եւ անկախ նրանից, թե ում կպաշտպանի Բարգավաճը` Հանրապետական կուսակցության սկզբունքները չեն փոխվում տվյալ հարցում: Հանրապետականն աշխատում է իր թեկնածուի օգտին: Ովքեր կմիանան, ինչ մոտեցումներ ու նոր ձեւաչափեր կառաջանան` բոլոր հնարավոր սցենարների համար հանրապետականը նախապատրաստվում է:
Հանրապետական խմբակցության ղեկավարի խոսքով` իրենք ուժեղ են, իսկ բոլորի հետ էլ կարելի է համագործակցել, քանի որ որքան ակտիվ ու զուսպ ընտրություններ լինեն, այնքան շահեկան վիճակում կհայտնվի Հայաստանը: «Մենք բոլորի կարիքն ունենք, սակայն դա չի նշանակում, որ կարիքավոր ենք»,-շեշտադրեց ՀՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահի առաջադրմանն առնչվող հարցին` Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ նրան 10 տարի շարունակ հենց Հանրապետականն է սատարել եւ վախի սինդրոմ չի կարող լինել: «Մենք ընդամենը կարող ենք հարգել բոլորին, բայց մեր թեկնածուն գործող նախագահն է: Սա ենք ասում»:
Հանրապետական կուսակցության փոխնախագահը նկատեց, որ նրանք, ովքեր առաջադրելու են իրենց թեկնածությունը, դեռևս հայտ չեն ներկայացրել հասարակությանը, թե ինչու իրենք պետք է առաջադրվեն:
«Օրինակ` Պարույր Հայրիկյանն է միայն խոսել այդ մասին: Սա քաղծառայողի ընտրություն չէ, այլ` նախագահական»:
Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանը կառաջադրվի, իսկ Գագիկ Ծառուկյանի մոտ նախագահ դառնալու ձգտում այսքան ժամանակ չի տեսել: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին` Գալուստ Սահակյանը նրան չի տեսնում նախագահի պաշտոնում, քանի որ վերջինս մեծ քաղաքականության հետ շփում չի ունեցել:
«Սերժ Սարգսյանին մրցակից, չեմ կարծում, կա»,-շեշտեց ՀՀԿ փոխնախագահը: Նրա դիտարկմամբ` այս պահին այնպես է ստացվել, որ գործող նախագահին Հանրապետական կուսակցությունը ուղղակի սատարելու է, իսկ ընտրություններում Սերժ Սարգսյանը հաղթելու է իր ունեցած վարկանիշով:
Գալուստ Սահակյանը չկիսեց դիտարկումը, թե Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակը մտահոգություն է առաջացրել իշխող հանրապետականի մոտ: Նրա խոսքով` Վրաստանի և Հայաստանի տարբերությունն այն է, որ մեզ մոտ որոշ ուժեր արհեստական են փորձում ոտքի հանել մարդկանց, իսկ այնտեղ ժողովուրդն ինքնակամ ոտքի ելավ:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրջ ծավալված իրադարձություններին, մասնավորապես, ԱՄՆ դեսպանի հայտարարությանն առնչվող հարցին արձագանքելով` Գալուստ Սահակյանը նախ ասաց, որ դեսպանի հայտարարությունը առավել խորացրեց կասկածները: Նրա բնութագրմամբ` խորամանկ հայտարարություն էր: «Ցանկացած բարեգործ փողը տալիս է, նաև ծրագիրն է տալիս, ոչ թե ասում է՝ ինչպես ուզում ես տնօրինի»,-նշեց Գալուստ Սահակյանը: ՀՀԿ փոխնախագահը նաեւ շեշտեց, որ հարցն իրավական է, և գործընթացը նորմալ ընթացքի մեջ է:

Թողնել պատասխան

Back to top button