ԿարևորՀասարակություն

Կառավարություն մերժեց ՀՅԴ խմբակցության՝ 100 % համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կառավարության հերթական նսիտում այսօր գործադիր մարմինը մերժել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների՝ հարյուր տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկը: Փոխարենը կառավարության անդամները հավանւթյան են արժանացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներկայացրած նախագիծը, որով 2013թ հունվարի մեկից հանրապետության տնտեսվարող սուբյեկտների մի մասը պետք է աշխատի նոր հսկիչ դրամարկղային մեքենաներով: «Անվստահության խնդիր չկա, մենք շանս ենք տալիս նաև նախարարություններին, որպեսզի հասնենք նրան, որ մարդիկ ինքնուրույն հայտարարագրեն իրենց եկամուտները» պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսպես է մեկնաբանել հանրապետության նախագահի՝ կառավարության անդամներին ուղղված հանձնարարականն այն մասին, որ այսուհետ նրանք անձնական պատասպանատվություն են կրելու հարկային պարտավորությունների կատարման համար: ՊԵԿ նախագահը լրագրողների վստահեցրել է, որ իր ինքը խոշոր բիզնես չունի: «Շատ հետաքրքիր լավ բառ է օլիգարխը, եկեք, նայեք խոշորների ցանկը, տեսեք, թե ինչ հարկային վճարումներ են կատարում»:Խոշոր հարկատուների ցանկը նայելու առաջարկը լրագրողներս ստացանք ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, ով պատասխանում էր այն հարցին, թե ինչ միջոցներով են պատրաստվում հարկային դաշտ բերել օլիգարխներին: ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ խոշոր բիզնես չունի, հայտարարագրել է իր բոլոր եկամուտները: Գագիկ Խաչատրյանն առանց անուններ տալու ասաց, որ իրենց աշխատանքին միջամտում են և խոշոր, և փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: «Բոլորս գիտենք, ոչ մեկս լուսնից չենք իջել, ՀՀ-ում ցանկացած տիպի միջամտություններ լինում են՝ և համակարգի ներսում, և դրսից, և պետական պաշտոնյաները: Անուններ պետք չի տալ»:

Գագիկ Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո որոշել էր կառավարության շենքից դուրս գալ գլխավոր մուտքով, իսկ լրագրողների հարցերի պատճառն էլ կառավարության որոշումներից մեկն էր, որով 2013թ հունվարի մեկից հանրապետության շուրջ 60 հազար տնտեսվարող սուբյեկտների մի մասը կսկսի աշխատել նոր հսկիչ դրամարկղային մեքենաներով: Սրանք այն տնտեսվարողներն են, ովքեր պետական եկամուտների կոմիտե ամսեկան կտրվածքով ավելացված արժեքի հարկ են վճարում և որոնց շրջանառությունը 2012թ կկազմի 100 և ավելի մլն դրամ: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն ասում է, որ նոր ՀԴՄ-ները երկու խնդիր են լուծելու.«Առաջին կարևոր խնդիրը հարկային հասույթների հաշվառման խնդիրն է, մասնավորապես ՊԵԿ-ի կողմից իրականացվող գործառույթների շրջանակներում, դրանք մասնավորապես չափագրումներն են, օպերատիվ հետախուզական միջոցառումներն են և այդ միջոցառումների արդյունքները խոշոր հարկ վճարողների մոտ իրականացրած արձանագրում են, որ իրացման հասույթների տվյալները կարող են շեղվել ու շեղվում են իրական շրջանառության ծավալներից: Նոր ՀԴՄ-ների ներդրումը առաջին հերթին անպայմանորեն պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը»:

Պատասխանատուները վստահեցնում են, որ նոր ՀԴՄ-ների կիրառումը լրացուցիչ ծախսեր չի ավելացնի: Ավելին, այժմ քննարկվում է, և միգուցե փոքր ու միջին բիզնեսի վճարումներն իր վրա վերցնի պետությունը, ինչը, սակայն, դեռ բարի ցանկություն է միայն: Կառավարությունն այսօր որոշեց արտասահմանյան գործուղումների ծախսերն ավելացնել շուրջ 100 մլն դրամով: Նույն որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդը մեծացավ 12.1 մլրդ դրամով:Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հակադարձելով մամուլի բոլոր հրապարակումներին, նշեց, որ. «Այս որոշման հետ կապված կան մեկնաբանություններ մամուլում: Որպեսզի խուսափենք թյուրըմբռնումից, պետք է ասեմ, որ այս փոփոխությունից հետո մեր պահուստային ֆոնդը կկազմի պետական բյուջեի ամբողջ ծախսերի 4 տոկոսը, երբ որ պետական բյուջեով սահմանված է ունենալ մինչև 5 տոկոսի հնարավորութուն»,- ասաց փոխնախարարը:

Թողնել պատասխան

Back to top button