Հասարակություն

ՀՀ արտգործնախարարն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարարին

Հոկտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իտալիայի պաշտպանության նախարար Ջիամպաոլո Դի Պաոլային: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն էհայտնել քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր դինամիկ զարգացող հայ-իտալական բարեկամական հարաբերությունների կապակցությամբ, և ընդգծեց, որ անցյալ տարի ՀՀ Նախագահի Իտալիա կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդել է երկկողմ փոխգործակցությանը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջիամպաոլո Դի Պաոլան նշել է, որ շատ ուրախ է Հայաստան այցելելու համար և բարձր է գնահատում Հայաստանի մասնակցությունը միջազգային անվտանգության և խաղաղության ապահովման գործին, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություններին:
Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն է հայտնվել պաշտպանական բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ, որը, զրուցակիցների բնորոշմամբ, հիմք կհանդիսանա այդ ոլորտում արդյունավետ համագործակցության համար:
Հայաստանի արտգործնախարարն ու Իտալիայի պաշտպանության նախարարն անդրադարձել են Հայաստան — ԵՄ փոխգործակցությանը, այդ շրջանակներում արձանագրված զգալի առաջընթացին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։ Նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը։ Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ իր երկիրը հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ՝ աջակցում է խմբի համանախագահների հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին:

Թողնել պատասխան

Back to top button