ԿարևորՀասարակություն

Հանդիպել են ՀՀ եւ ՌԴ նախագահների վերահսկողական բարձրագույն կառույցների ղեկավարները

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության ընդունելությունների տանն այսօր կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերահսկողական բարձրագույն կառույցների ղեկավարների հանդիպումը: ՌԴ նախագահի օգնական, նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն եռօրյա այցով մեր երկրում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի հրավերով: Երկու երկրների նախագահների վերահսկողական ծառայությունների գործող ղեկավարները հանդիպում են արդեն երրորդ անգամ: Առաջին հանդիպումը կայացել է 2009 թվականին Երեւանում, որի ընթացքում ստորագրվել էր «Համագործակցության հետագա զարգացման մասին» հուշագիրը: Երկրորդ հանդիպումը կայացել էր Մոսկվայում 2010 թվականին: Հերթական հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում նախագահների վերահսկողական ծառայությունների ղեկավարներն ամփոփել են արդյունքները:

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերահսկողական ծառայությունների միջեւ գործող համաձայնագրի համաձայն` երկու կառույցների միջեւ կազմակերպվող հանդիպումները մշտական բնույթ են կրում: Նման հանդիպումներ անցկացվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ` Ռուսաստանի Դաշնությունում: Հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում` հետագա համագործակցության ծրագրերը: Հայաստանի նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի փոխանցմամբ` պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել գործնական քայլերը փորձի փոխանակման, վերահսկողության ոլորտում իրավական ակտերի կիրառման ուղղությամբ:

Ռուսաստանցի իր գործընկերոջը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ծանոթացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթներին, գործունեության սկզբունքներին, ինչպես նաեւ 2012 թվականի ընթացքում ծառայության կողմից կատարված ստուգումներին, որոնց արդյունքում մի շարք ոլորտներում բացահայտվել են չարաշահումներ: Իր հերթին 2012-ի գործունեության արդյունքների եւ ՌԴ-ում հայտնաբերած չարաշահումների մասին է խոսել ՌԴ նախագահի վերահսկողության վարչության պետ, նախագահի օգնական Կոնստանտին Չույչենկոն. «Պետք է նշեմ, որ մեր համագործակցությունը շատ սերտ է: Մենք պարբերաբար հանդիպում ենք ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում եւ քննարկում ենք ընթացիկ հարցեր` կապված մեր գործունեության հետ: Եվ Ռուսաստանում, եւ Հայաստանում կան խնդիրներ` կապված, մասնավորապես, պետական գնումների ոլորտի հետ: Անկեղծ ասած` մենք որոշել ենք առավել ակտիվ աշխատել` օգտվելով յուրաքանչյուր կողմի փորձից`  բարձրացնելու համար մեր վերահսկողական գործառույթների արդյունավետությունն այդ ոլորտում»:

Կոնստանտին Չույչենկոն ասաց, որ տպավորված է հայ գործընկերների հետ սկսված բավականաչափ ընդգրկուն եւ պրոֆեսիոնալ քննարկումներից: Նշեց, թե հույս ունի, որ փոխգործակցությունն ու համագործակցությունը հետագայում նույնպես  կլինի առավել սերտորեն: Ռուսաստանում նախկինում կառույցի հայտնաբերած չարաշահումների մասին Չույչենկոն չմանրամասնեց` շեշտելով, որ այդ ամենի մասին շատ է ասվել ու գրվել Ռուսաստանի բոլոր զանգվածային լրատվամիջոցներում, ինչ վերաբերում է 2012 թվականի գործունեության արդյունքներին, ապա դրանք դեռեւս ամփոփվում են եւ հնարավոր կլինի հրապարակել միայն, երբ այդ նյութերի վերաբերյալ որոշում ընդունի ՌԴ նախագահը: Հայաստանի նախագահի վերահսկողական կառույցի ղեկավարի փոխանցմամբ` այս պահին իրենք ստուգումներ են անցկացնում սննդի վերահսկողության ծառայությունում: Ավարտելուց հետո` արդյունքները կզեկուցվի երկրի ղեկավարին եւ այդ մասին լրատվամիջոցները կտեղեկանան: Ինչ բացահայտվել է` արդեն հրապարակվել է, իսկ ինչ կլինի հետո` կախված է լինելու նախագահի հետագա հանձնարարականներից` եզրափակեց Հովհաննես Հովսեփյանը:

Թողնել պատասխան

Back to top button