Ինչպես ձեւավորել տուրիստական ընդհանուր տարածք


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/181012turizm.mp3
Այսօր Երևանում կայացավ Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էին իրավասու պետական մարմինների ներկայացուցիչները Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից և Հայաստանից:
Երևան չէին ժամանել միայն Ուզբեկստանի և Ադրբեջանի պատվիրակները:
Քննարկվեցին միջազգային զբոսաշրջային համագործակցության ռազմավարության նախագիծը: Նիստը նախագահող Ռւսաստանի Տուրիզմի դաշնային գործակալության ղեկավար Ալեքսանդր Ռադկովը կարևորեց ընդհանուր տուրիստական տարածքի ձևավորումը:
Սա թույլ կտա մշակել սպասարկման միասանական չափանիշներ ԱՊՀ երկրներում: Ըստ ռուս պաշտոնյայի՝ զբոսաշրջիկը պետք է համոզված լինի, որ իրեն խոստացված սպասարկման մակարդակը համապատասխանում է իրականությանը, օրինակ, հյուրանոցի աստղերի քանակի պարագայում:
Համագործակցության համար կա լավ հիմք, մասնավորապես՝ խորհրդային տասնամյակների ընթացքում ձեռք բերված ընդհանմուր արժեքները, վիզային ռեժիմի բացակայությունը, հարուստ դարվոր մշակութային ժառանգությունը:
Կարևոր է զարգացնել զբոսաշրջության տարբեր ուղղությունները` ակտիվ հանգստի, ճանաչողական, գյուղական և այլն: Ըստ Ռադկովի՝ ոլորտը ԱՊՀ տարածքում այսօր, ընդհանուր առմամբ, վերելք է ապրում:
Հայաստանը նույնպես կարող է գրավել ռուսական զբոսաշրջիկներին, մասնավորապես իր պատմական և կրոնական արժեքներով, ձմեռային ակտիվ հանգստի վայրերով, համոզված է «Ռոստուրիզմի» ղեկավարը:
Միևնույն ժամանակ, պաշտոնյան նկատեց, որ Հայաստանում դեռևս առկա է ենթակառուցվածքների պակասը: Ալեքսանդր Ռադկովին մտահոգել է նաև ավիատոմսերի բարձր գները: