ԿարևորՏնտեսական

Թալեբ Ռիֆա.Հայաստանը տուրիզմի զարգացման ճիշտ ճանապարհին է

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության համագործակցության շրջանակներում այսօր Երևանում մեկնարկել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովը: Այն կրում է «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագիրը կրող միջազգային համաժողովը: Այն իր աշխատանքները կշարունակի նաև վաղը: Մինչ միջոցառման հանդիսավոր մեկնարկը ճեպազրույցով հանդես են եկել էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆան:
ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆան երկրորդ անգամ է Հայաստանում: Խոստովանում է, որ Հայաստան գալուց հետո փոշմանել է, սակայն նրա համար, որ եկել է առանց ընտանիքի: Խոստանում է հաջորդ ամառ անպայման ընտանիքով գալ ու վայելել Հայաստանի գեղեկությունը: Հայաստանի մասին նոր չէ, որ գիտե, դեռ 8 տարեկանից է լսել հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող մեր երկրի մասին: Իսկ Հայաստան այցելություններն ու դիտարկումներն էլ թույլ են տալիս ՄԱԿ-ի Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության գլխավոր քարտուղարին համոզմունք հայտնել, որ Հայաստանը տուրիզմի զարգացման ճիշտ ճանապարհին է: ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Թալեբ Ռիֆան այսօր կրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց.

«Նույնիսկ ապագայի տեսլականն այս երկրում հիմնված է իր պատմության և հարուստ մշակույթի վրա: Հայաստանը իրեն զբոսաշրջության ոլորտում լավագույնս է դրսևորում: Ձեր երկիրը ճանաչված է ողջ աշխարհով: Իմ հայրենիքում ես ունեմ շատ հայ բարեկամներ: Վստահ եմ` աշխարհի ամեն երկրում էլ գիտեն ձեր գեղեցիկ երկրի մասին այն մարդկանց միջոցով, ովքեր ժամանակին հեռացել են հայրենիքից: Ձեր մշակույթը մեծ գնահատանք ունի ողջ աշխարհով մեկ»:
2011 թվականին Հայաստան է այցելել շուրջ 740.000 զբոսաշրջիկ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` այս տարին խոստանում է գերազանցել այդ ցուցանիշը: Զբոսաշրջային սեզոնը դեռ շարունակվում է, սակայն միտումներն արդեն թույլ են տալիս նման վստահություն հայտնել: Տիգրան Դավթյանն աննախադեպ է համարում այն, որ զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության նախարարական համաժողովը տեղի է ունենում Երևանում: Նա հակված է դա բացատրել տուրիզմի միջազգային բնագավառում Հայաստանի կարեւորությամբ: Միաժամանակ այս համաժողովը. դրան հաջորդող հատուկ նստաշրջանը եւ ստորագրվելիք հռրակագիրը, Դավթյանի համոզմամբ, զբոսաշրջության զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ զարգացման նոր հեռանկարներ են խոստանում: Իսկ մինչ այդ` Հայաստանն արդեն զբոսաշրջությունը մեր երկրի տնտեսության գերակա ճյուղցերից է հայտարարել ու աշխատանքներ է տանում ենթակառուցվածքների զարգացման համար` օդանավակայան, ճանապարհներ, կապի միջոցներ, հյուրանոցային համալիրներ:
Երեւանում անցկացվող ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջազգային երկրօրյա համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի և Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Վրաստանից և ԱՊՀ անդամ երկրներից: Համաժողովի ընթացքում կկազմակերպվի նաև հատուկ նստաշրջան` նվիրված զբոսաշրջության համընդհանուր սոցիալական պատասխանատվությանը: Կհաջորդի նաև Զբոսաշրջության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների խորհրդի հերթական նիստը եւ հատուկ` Երեւանյան հռչակագրի ընդունումը: Մնում է հուսալ, որ զբոսաշրջության միջազգային համաժողովւ մասնակիցները մի քանի օր ավելի անցվկացնեկով հայաստանում` մեր երկրից չեն հեռանա նույն զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրներին առնչվելուց հետո:

Թողնել պատասխան

Back to top button