Վերլուծական

Սիրիական պատերազմի հեռանկարներն անորոշ են

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
 

2011 մարտից սկիզբ առած սիրական ճգնաժամը կարող է ունենալ անկանխատեսելի հետևանքներ` հաշվի առնելով ընդդիմության և հակակառավարական զինված խմբավորումների բազմազանությունը և տարբերվող քաղաքական կողմնորոշումները, ստեղծված իրավիճակն այսպես է բնութագրում թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի, սա նշանակում է, որ նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը նպատակաուղղված այս պատերազմը դեռ շատ անիմաստ զոհեր կունենա, քանի որ դրա հեռանկարները բավականին անորոշ են:

Սիրիական պատերազմը դարձել է մի կողմից Արևմուտքի, մյուս կողմից` Ռուսաստանի և Չինաստանի աշխարհաքաղաքական վեճի առարկա, որի արդյունքում տուժում է Սիրիան: Բացի դրանից՝ սիրիական ընդդիմությունը ներկայացված է 16 առանձին ուժերով, իսկ Սիրիայի ազատ բանակը նույնպես բաժանված է 4 խմբերի:
Ինչպես նշեց հայ փորձագետը, այստեղ մարտնչում են վարձու մարդասպաններ, որոնք ունեն Լիբիայի, Աֆղանստանի, Չեչնիայի պատերազմական փորձը, Սիրիայում են նաև Ալ-Կաիդա ահաբեկչական ցանցի անդամները:
Ընդդիմության միասնականության բացակայությունը Ասադի հնարավոր տապալման պարագայում կարող է հանգեցնել իշխանության վակուումի, քանի որ սիրիական քաղաքական դաշտում չկա իշխանությունը ստանձնելու ուժը:
Հակոբ Չաքրյանը զարմացած է, թե ինչը պատճառ դարձավ թուրք-սիրիական երբեմնի ջերմ հարաբերությունների մեղմ ասած վատթարացման համար:Նա կարծիք հայտնեց, որ Անկարայի համար «Արաբական գարնան» ֆոնին գերակա է ուժեղացնել սեփական դերակատարությունը տարծաշրջանում:
Ըստ ամենայնի՝ Արևմուտքը հավանություն չի տալիս այս նկրտումներին: Բացի դրանից՝ Թուրքիան զուրկ է տարածաշրջանային գերտերություն դառնալու անհրաժեշտ ներուժից և սխալ հունով է ընթանում:
Հայտնվելով բավականին հակասող բարդ իրավիճակում՝ թուրքական իշխանությունը արտաքին և ներքին խնդիրների ուժեղացող բեռի տակ այսօր պատրաստ չէ վերսկել երկխոսությունը պաշտոնական Երևանի հետ։
Իսկ Հայաստանի կողմից որևէ նախաձեռնություն այս ուղղությամբ չարժե ակնկալել, քանի որ, ինչպես հայտնի է, Երևանի և Անկարյաի պարտիայում խաղի հերթը թուրքերինն է, սակայն այդ քայլը բավականին ուշանում է:

Թողնել պատասխան

Back to top button