ԿարևորՏնտեսական

Հաջորդ տարի էլ աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

 

Կառավարության ընդունած 2013թ. բյուջեի նախագիծն ունի սոցիալական ուղղվածություն, այսինքն՝ շարունակում է մնալ սպառողական տիրույթում, կարծում է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, եւ պարզաբանում, որ կգերադասեր տեսնել ոչ թե սպառողական, այլ՝ ներդրողական բյուջե։
Սաֆարյանի դիտարկմամբ` եկող տարվա բյուջեի նախագիծն այնուամենայնիվ որոշակի աճ ապահովում է, քանի որ 89 մլրդ դրամով կանխատեսվում է եկամուտների, 76 մլրդ-ով` ծախսերի աճ:
Տնտեսության զարգացման միտումների համար Վազգեն Սաֆարյանը հուսադրող համարեց այն, որ 300 մլն դրամ պետք է ուղղվի մասնավոր գործունեության զարգացման տիրույթ: Քիչ է, բայց եղածի համեմատ դրական է, ասաց նա։
Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահն ամեն դեպքում ճիշտ է համարում սպասել, մինչեւ եկող տարի երևա` բյուջեի նախագիծը լավն է, թե՝ վատը, որքան եւ առավելապես ում հաշվին կհավաքագրվեն հարկերը:
Եկող տարվա համար կանխատեսված լրացուցիչ 118 մլրդ դրամի հավաքագրումը, Սաֆարյանի խոսքով, ակնկալվում է ստանալ ուղղակի հարկերի ավելացմամբ եւ հունվարի 1-ից ներդրվելիք եկամտային հարկի հաշվին, որը, եկամտահարկի եւ սոցվճարի գումարումից ստացվող նոր հարկատեսակ է:
Վերադառնալով եկող տարվա բյուջեի նախագծին` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը եւս համոզմունք հայտնեց, որ այն նախորդի կրկնությունն է: Մակարյանն այն բնորոշեց որպես բավականին կաշկանդված բյուջե, եւ ասաց, թե ինքն ակնկալում էր, որ կառավարությունը հաջորդ տարվա բյուջեն ավելի խիզախորեն կնախագծեր:
Ըստ նրա` այս անգամ եւս բյուջեով չի խթանվում փոքր և միջին ձեռնարկությունների գործունեությունը, ուստիև դրանց թվի նվազման միտումը շարունակվելու է, ինչն էլ տնտեսությանը նորից տանելու է մոնոպոլիզացիայի:
Սեփական դիտարկումները Գագիկ Մակարյանին եւս հասցնում են հարկային տիրույթ: Հայաստանը պետք է գնա Վրաստանի օրինակով՝ հարկերը հավաքելու մեխանիզմը հեշտացնի, միկրոբիզնեսները և ընտանեկան բիզնեսը չհարկի:
Պետք է կայուն, արդյունավետ արտադրությունները խթանվեն, որոնք կայուն աշխատատեղեր կստեղծեն, ինչն էլ կապահովի աշխատավարձերի ավելացումը:

Իսկ ի՞նչ է պետք, ընդամենը՝ հավասար մրցակցային պայմաններ և կոռուպցիայի վերացում, ասում է Գագիկ Մակարյանը:

 

Թողնել պատասխան

Back to top button