ԿարևորՔաղաքական

Հայաստանը հաստատակամ է անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ, ասել է Սերժ Սարգսյանը (ֆոտոշարք)

«Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությունը եվրոպական անվտանգության անբաժանելի մասն է: Մենք այլընտրանք չենք տեսնում փոխզիջումների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին: Վերջերս Եվրոպական միության անդամ երկրի կողմից արտահանձնված մարդասպանին հերոսացնելով` Ադրբեջանը մարտահրավեր նետեց ողջ քաղաքակիրթ մարդկությանը, ևս մեկ անգամ ապացուցեց, որ այլատյացությունն այդ երկրի պաշտոնական քաղաքականությունն է և անմիջական սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բուխարեստում, Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում իր ելույթի ժամանակ։

Սերժ Սարգսյանն անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին՝ հիշել է գարնանն անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել են որպես լավագույնն անկախության հռչակումից ի վեր:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները հաստատակամ են գրանցված առաջընթացը դարձնելու հաստատուն միտում և առաջիկայում անցկացնելու ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական նախագահական ընտրություններ»,- նշել է նա։

Հանրապետության նախագահը նաեւ խոսել է Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ հիշեցնելով, որ կառավարությունը վերացրել է մուտքի արտոնագրեր ստանալու պահանջը ԵՄ և Շենգենյան համաձայնագրի երկրների քաղաքացիների համար՝ հույս հայտնելով, որ հազարավոր եվրոպացիներ կօգտվեն Հայաստան անխոչընդոտ այցելելու այս նոր հնարավորությունից:

Ընդգծելով, որ Հայաստան- Եվրամիություն համագործակցությունը վերընթաց ուղիով զարգանում է հատկապես Արեւելյան գործընկերության մեկնարկից հետո, Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանն այսօր Արևելյան գործընկերության առաջատարներից է և՛ Ասոցացման բանակցությունների, և՛ նախաձեռնված լայնածավալ բարեփոխումների առումով:

«Մենք ձեռնամուխ ենք եղել բարեփոխումների համապարփակ ծրագրի մշակմանը, որի արդյունքում կունենանք շատ ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Այդ նպատակներն իրականացնելու համար Հայաստանը կարիք ունի շոշափելի ֆինանսական աջակցության: Հենց այդ նպատակով ենք Եվրոպական հանձնաժողովի հետ համատեղ նախապատրաստում դոնորների համաժողով Հայաստանի համար»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը լրջագույն սպառնալիք է ինչպես Եվրոպական միության երկրների, այնպես էլ գործընկեր պետությունների համար եւ շեշտել, որ նման մասշտաբի ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել միայնակ:

«ԵԺԿ այս տարվա գագաթաժողովի խորագիրը չափազանց արդիական է. այս մարտահրավերի պատասխանն է՝ «Ավելի շատ Եվրոպան», պատասխանն է` ավելի համախմբված Եվրոպան և ավելի ամուր հանձնառությունը եվրոպական գաղափարներին ու համերաշխությանը: Միայն նման Եվրոպան կկարողանա հաղթահարել ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամը և նոր հնարավորություններ բացել մեր հասարակությունների բարեկեցության համար»,- ասել է Հայաստանի նախագահը:

Թողնել պատասխան

Back to top button