Կարևոր

Իտալիայի ՊՆ.«Ղարաբաղյան հակամարտությունը կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ` Եվրոպայի անվտանգության համար»

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Եռօրյա այցով Հայաստանում է Իտալիայի Պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան: Այցի շրջանակներում Իտալիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը երեկ հանդիպել է Հյաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ, իսկ այսօր Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտոնական ընդունելությունից հետո տեղի է ունեցել Իտալիայի եւ Հայաստանի պաշտպանության նախարարների առանձնազրույցը: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են համաձայնագիր` «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցության մասին»:

Համաձայնագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցում Իտալիայի պաշտպանության նախարարը նշել է, որ «Իտալիան մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Իտալացի գործընկերոջը նախարար Սեյրան Օհանյանը պաշտոնապես դիմավորեց մեր երկրի պաշտպանական գերատեսչության վարչական համալիրում: Իտալիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Հայաստան, թեպետ` տարբեր ձեւաչափերով երկու երկրները ռազմական ոլորտում արդեն ունեն 10 տարվա համագործակցության փորձ: Իտալիայի պաշտպանության նախարար Ջամպաոլո Դի Պաոլան կարեւորում է իր հայաստանյան այցը` նշելով, որ այցը կոնկրետ արդյունքներ ունի. հստակեցված է, որ հետագա համագործակցության հեռանկարներ կան եւ այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքները շարունակվելու են: Կարճ խոսքով` լրացվում է համագործակցության ոլորտում առկա բացը: Նախարարների առանձնազրույցից հետո ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության եւ Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջեւ պաշտպանական բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը: Համատեղ ճեպազրույցում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները տեղեկացրին, որ իրենց հանդիպման ընթացքում քննարկել են տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր: Նախարարները հատկապես առանձնացրին ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը, քանի որ հենց կրթական ոլորտն է առանցքայինը ցանկացած տիպի զինված ուժերի համար:

Իտալիայի եւ Հայաստանի միջեւ ռազմական համագործակցության խորացումը Ջամպաոլո Դի Պաոլան չի պայմանավորում մեր օրերի աշխարհաքաղաքական զարգացումներով: Ասաց, որ ստորագրված համաձայանագիրը այս պահին չէ, որ հասունացել է, այլ` դրա վրա տարիներ շարունակ աշխատել են նաեւ իր նախորդները, իսկ Հայաստանի ակտիվ մասնակցությունը տարբեր ձեւաչափերով ծրագրերին առավել ընդգծեցին համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Իտալիան ցանկանում է համագործակցել` իր համեստ նպաստը բերելով համընդհանուր խաղաղության համար»,-շեշտեց Իտալիայի պաշտպանության նախարարը:

Իր խոսքում նա հակիրճ անդրադարձավ նաեւ Ղարաբաղյան հակամարտության թեմային.

Իտալիան որպես երկիր եւ որպես ՆԱՏՕ-ի անդամ մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին եւ Հայաստանին որպես տարածաշրջանի կարեւոր երկրներից: Իտալիան նաեւ Մինսկի խմբի անդամ է, որը, ինչպես գիտեք, փորձում է օժանդակել Հայաստանին եւ Ադրբեջանին` առկա խնդիրներին լուծում գտնելու գործում եւ մենք մեծ կարեւորություն ենք տալիս հայ-ադրբեջանական այդ հակամարտության լուծմանը: Այն ռազմավարական կարեւորություն ունի եւ կարեւոր է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ` Եվրոպայի անվտանգության համար: Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցել վստահություն, հավատարիմ մնալ Հելսինկյան փաստաթղթի դրույթներին եւ կառուցել փոխվստահելի հարաբերություններ` ի բարօրություն եւ ի բարգավաճում բոլոր ժողովուրդների:

Ջամպաոլո Դի Պաոլա

Թողնել պատասխան

Back to top button