ԿարևորՔաղաքական

Եթե Հայաստանի նախագահ ընտրվի ԱԻՄ առաջնորդը…

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ընդամենը երկու տարի հետո Շվեյցարիան կամ Սինգապուրը ծիծաղելի կլինեն Հայաստանի համեմատ ժողովրդավարության տեսանկյունից: Սա կլինի միայն այն դեպքում, եթե Հայաստանի նախագահ ընտրվի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Այսօր անձամբ քաղաքական գործիչն է հայտարարել այս մասին: Այս անգամ էլ առաջադրվելու ցանկությունը նրա մոտ արդեն արմատացած է, չնայած քաղաքական գործիչը չի բացառում, որ կսատարի թեկնածուներից որեւէ մեկին կոնկրետ պաշտոնի դիմաց: ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը թեեւ անհրաժեշտություն է համարում նախագահի ընտրություններում իր առաջադրվելը, բայց եւ չի բացառում, որ որեւէ փուլում կսատարի թեկնածուներից մեկին, ասենք՝ արտգործնախարարի պաշտոնի խոստման դիմաց:

Չնայած Պարույր Հայրիկյանը առայժմ անուններ չի նշում, թե ում կարող է սատարել, բայց Հայաստանի անկախացման օրվանից վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը խիստ քննադատեց թե առաջին, եւ թե երկրորդ նախագահներին: Արտաքին քաղաքականությունում Հայաստանը շատ անելիքներ եւ շտկումներ ունի, ասում է Պարույր Հայրիկյանը: Մեծագույն բացասական քայլ է համարում Արցախի հարցում բանակցային կողմ դառնալը եւ հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանականից վերածելով հայ-ադրբեջանականի: Քաղաքական գործիչը համոզված է. Հայաստանն այսօր կանգնած է նոր խնդրի առաջ: «Սաֆարովյան» պատմություններից հետո Հունգարիայի քաղաքական գործիչներից ոմանք իրենց թույլ տվեցին այնպիսի հայտարարություններ, որոնցով միջազգային հանրությանը նախապատրաստում են, թե «խեղճ» ադրբեջանցիները ստիպված կլինեն ուժի միջոցով լուծել իրավիճակը: Նույնիսկ այսքան խնդիրներից հետո Պարույր Հայրիկյանը պատկերացնում է, թե ինչպես կարելի է դեռ շտկումներ մտցնել արտաքին քաղաքականությունում: Ղարաբաղի անկախության ճանաչումը արդեն արդիական չէ, դա ուշացած քայլ է, ասում է Պարույր Հայրիկյանը: Միջազգային իրավունքով տրված հնարավորությունների միջոցով առաջարկում է պատասխանել տնտեսական պատերազմ հայտարարած Թուրքիային, ինչպես նաեւ չհավատալ մի դաշնակցի, ով զենք է վաճառում նաեւ Ադրբեջանին:

Թողնել պատասխան

Back to top button