ԿարևորՀասարակություն

Oգնություն տեղափոխող օդանավի բարեհաջող վերադարձը լուրջ հաջողությունն էր. Վահան Հովհաննիսյան

Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»

«Երեկ առավոտյան Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավի բարեհաջող վերադարձը հայրենիք «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության, մեր ողջ հասարակության, հայաստանյան ու արցախյան կազմակեպրությունների լուրջ հաջողությունն էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը: «Դա ինչ որ չափով նաև Հայաստանի շրջափակման ճեղքում էր»,-հավելել է Հովհանիսյանը: Նրա խոսքով` բոլոր կողմերի միջև շատ երկար տևած բանակցությունների արդյունքում օգնությունը տեղափոխելու օպտիմալ ճանապարհ է համարվել Թուրքիայի օդային տարածքը: «14 տոննա բեռ տեղափոխող օդանավը պլանավորված վայրէջք է կատարել Էրզրումում, որից հետո անխափան հասել Հալեպ, բեռնաթափվել ու վերադարձել»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:

«Էրզրումում բեռը ստուգվել է այնպես, որ երևի աշխարհում ոչ մի բեռ չի ստուգվել: 14 հազար արկղերը իջեցվել են, 7 հազար արկղի պարունակությունը ստուգվել է ձեռքով, շների օգնությամբ, բերել էին հրշեջ մեքենաներ, բանակ, ուժի ցուցադրում կար որոշակի և թատերականացված մի քիչ էլ, բայց մենք նման բաներին հանգիստ ենք նայում: Մարդասիրական օգնություն է և վերջ, պետք է տեղ հասնի բոլոր օրենքներով: Իսկ նախապես չենք հայտարարել, քանի որ այս գործը չի սիրում ինքնագովազդ: Մեր նպատակը եղել է բեռը տեղափոխելը, ոչ թե այդ ճանապարհին հերոսանալը»:

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, անհատներին, գործարարներին և ուսանողներին, ովքեր արձագանքել են իրենց կոչին ու աջակցել: Լիլիթ Գալստյանը կարևորել է ոչ այնքան օգնության չափը, որքան ազգային միասնության գաղափարի շուրջ համախմբումը: «Մեկ ամսից էլ պակաս ժամանակաշրջան և մենք կարողացանք մեր հաշվեհամարին ունենալ մոտ 30 մլն դրամ: Բազմաթիվ գործարարներ ապրանքային նվիրատվություններ արեցին, որոնց գումարային տեսքը 50 մլն-ից ավելի է: Այսօր մենք կարողացել ենք կուտակել 40 տոննա պարենամթերք, ինչպես նաև առաջին անհրաժեշտության դեղորայք»:
Նա երախտագիտություն է հայտնել բոլորին` սկսած այն ծերունուց, որը 2 օր առաջ գրասենյակի դուռը թակել է և նվիրաբերել 2 հազար դրամ մինչև 15 մլն դրամ փոխանցած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը:

Թողնել պատասխան

Back to top button