ԿարևորՔաղաքական

Օսկանյանը դարձել է ընդդիմադիր դաշտի արևը, որի շուրջ պտտվում են բոլոր իրավիճակները, ասում է Հմայակ Հովհաննիսյանը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը կապում է առաջիկա  նախագահական ընտրությունների հետ: Ըստ վերլուծաբանի` նախագահական ընտրությունների շեմին գլխավոր ինտրիգն այն է, որ հստակություն չկա, թե ովքեր են մասնակցելու այդ ընտրություններին:

Վերլուծելով վերջին շրջանի իրադարձությունները` Հմայակ Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ արեւմտյան ուժային կենտրոնները փորձում են Վարդան Օսկանյանից միասնական թեկնածու ձեւավորել:
Տեղի են ունենում տեղաշարժեր, կարծում է քաղաքագետը: Ամերիկացիների պրոյեկտով ստեղծված «Ազատ դեմոկրատներ» կուսակացության և Ամերիկյան ուժային կենտրոնների հետ սերտ կապեր ունեցող  «Ժառանգության» խզումը չէր կարող տեղի  ունենալ առանց ամերիկացիների խրախուսման։ Նրա խոսքով` այս ողջ իրադարձությունները, ինպես նաեւ Վարդան Օսկանյանի դեմ ուղղված գործողությունները, ոչ այլ ինչ էին, եթե ոչ նրան ԲՀԿ լուսանցքից առանցքային դեմք դարձնելու միջոց։
Նախկինում միասնական թեկնածու ներկայացնելու համար  հակասությունները թվում էին անլուծելի, և եթե չստեղծվեր ֆորսմաժորային իրավիճակ, այդ հակասությունները հնարավոր չէր հաղթահարել, ասաց քաղաքագետը:
Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ` ստեղծված իրավիճակը ճանապարհ է բացում, որ անկախ կուսակցությունների գաղափարական, քաղաքական հակասությունների, նրանք առաջարկեն միասնական թեկնածու ի դեմս Վարդան Օսկանյանի, որը մտնում է արևմտյան ուժային կենտրոնների ծրագրում:
Նույն ուժերը, քաղաքագետի համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանին ցույց տալու համար, որ նա դեռ պատրաստ չէ միասնական թեկնածու դառնալուն, խրախուսեցին պառակտում «Ժառանգությունում»: Քաղաքագետի դիտարկմամբ` ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում ՀԱԿ-ն էլ կսատարի Վարդան Օսկանյանին։

ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսօրվա ասուլիսում նշեց, թե ոչ մի տեղ չի քննարկվել Վարդան Օսկանյանի միասնական ընդդիմադիր թեկնածու լինելը:
«Դա մամուլի կողմից հնարված բան է: Մենք ունենք մեր միասնական թեկնածուն` Լեւոն Տեր-Պետրոսյանը»,- նշեց Զուրաբյանը` հավելելով, որ վերջինիս առաջադրման հարցն էլ պարզ կդառնա օրենքով սահմանված ժամկետներում:
Դիտարկմանը, որ նախորդ ընտրություններում իրենք բավականին վաղ էին սկսել ակտիվություն ցուցաբերել, իսկ այսօրվա լռությունը արդյոք չի վկայում, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի` Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Այն ժամանակ Տեր- Պետրոսյանի վաղ գործողությունները կապված էին նրա հետ, որ դեռ չկար կայացած քաղաքական ուժ, որ իրեն կսատարեր, հիմա այդ ուժը կա, նման քայլերի անհրաժեշտություն գոոյություն չունի»։
Պետք է կարողանանք հասկանալ, թե ինչ ռեսուրսների տեր ենք, նաեւ դաշնակիցների առումով ինչ ռեսուրսներ ունենք, պարզաբանեց Զուրաբյանը: Ասաց նաեւ, որ վերլուծություններն այդ առումով ընթացքի մեջ են, ուստի որեւէ բան չի կարող հայտնել:

Արձագանքելով ՀԱԿ-ում գոյություն ունեցող հակասություններին առնչվող հարցին` Զուրաբյանը նշեց, որ ինքը բոլորի հետ էլ ունեցել է հակասություններ, ապա վստահեցրեց, թե բոլորի հետ էլ պահպանվում են փայլուն անձնական, ընկերական հարբերություններ, գործում է փայլուն թիմային մթնոլորտ:
«Ներսում կարելի է ունենալ հակասություններ ցանկացած հարցում, կոկորդներ կրծել, բայց դրսում ներկայանալ որպես միասնական թիմ»,- եզրափակեց Լեւոն Զուրաբյանը:
Մինչդեռ` բոլորովին այլ դիտարկում ուներ այս մասով քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
«ՀԱԿ-ից արդեն գրեթե ոչինչ չի մնացել: Ես միայն իմ մեռնելու օրը չգիտեմ»,- հայտարարեց քաղաքագետների միության ղեկավարը` նկատելով, որ ՀԱԿ-ը դարձել է պատանդ իր իսկ ձեւակերպած այն թեզի արդյունքում, թեիրական ընդդիմությունն այն է, որի անդամներին ենթարկում են հալածանքների:
«ՀԱԿ-ը պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ Օսկանյանը դարձել է ընդդիմադիր դաշտի արևը, որի շուրջ պտտվում են բոլոր իրավիճակները»,-ձեւակերպեց Հայաստանի քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանը:

Թողնել պատասխան

Back to top button