ԿարևորՀասարակություն

ՊԵԿ-ը հայտարարում է մրցույթ` շուրջ 70 աշխատատեղ լրացնելու բանիմաց կադրերով

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Պետական եկամուտների կոմիտեին անհրաժեշտ են նոր բանիմաց կադրեր իրավավաբանական, տնտեսագիտական եւ հաշվապահական գիտելիքներով ու կրթությամբ: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր հայտարարել է, որ համակարգի օպտիմալացման ծրագրերի շրջանակներում այս տարի համակարգից ազատվել է 258 հարկային ծառայող: ՊԵԿ-ն այժմ հայտարարում է մրցույթ` շուրջ 7 տասնյակ աշխատատեղեր լրացնելու բանիմաց կադրերով: Հայտերը պետք է ներկայացնել առաջիկա 25 օրվա ընթացքում, տեղեկությունները կլինեն petekamutner.am կայքում:

Բյուջետային մուտքերի ապահովման լարված աշխատանքին զուգահեռ` ՊԵԿ-ը շարունակում է կադրային կառուցվածքային բարեփոխումները: Հարկային եւ մաքսային գործընթացների ավտոմատացումը եւ էլեկտրոնայնացումը պահանջում են նոր որակի կադրեր, ինչին էլ ձեռնամուխ է եղել Պետեկամուտների կոմիտեն: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը նաեւ որպես ատեստացիոն եւ մրցութային հանձնաժողովի նախագահ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ հայտարարությամբ:

ՊԵԿ-ն իր փնտրած կադրերի համար առաջադրել է մի շարք պայմաններ: Աշխատանքային փորձի բացակայությունը չի ստորադասվելու տնտեսագիտական, հաշվապահական, իրավաբանական կրթությանը: Արմեն ալավերդյանն ընդգծեց, որ մասնագիտակահն կրթությանը եւ բարձր գիտելիքներին զուգահեռ խիստ կարեւոր են նաեւ վերլուծական կարողությունները: ՊԵԿ-ն անընդհատ հայտարարում է իր մտադրությունը` կրճատել հարկատու-հարկային ծառայողներ շփումները եւ ստուգումներ կազմակերպել միայն ընդգծված ռիսկերի դեպքում: Եւ հենց ռիսկերի գնահատման համար էլ խիստ կարեւոր են նոր կադրերի վերլուծական կարողությունները: Եւ ի վերջո` նոր ժամանակները նոր հմտություններ են պահանջում նաեւ համակարգչի հետ աշխատանքում: Այնինչ հարկային համակարգը դեռ վերջնականապես չի ձերբազատվել նման հմտությունների չտիրապետող աշխատողների խնդրից: Այս դարում հաշվառման բաժնում դեռ կան մարդիկ, ովքեր քարտերը ձեռքով են վարում: Երիտասարդ կադրերը պետք է գան փոխարինելու եւ նոր որակ հաղորդելու աշխատանքին հատկապես մարզերում: Արմեն Ալավերդյանն ընդգծեց, որ աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների խնայմանն էին ուղղված նաեւ մի շարք հարկային տեսչություններում օպտիմալացման աշխատանքները:

Այս տարվա առաջին եռամսյակում օպտիմալացվեցին Երեւան քաղաքի հարկային տեսչությունները: Կրճատվեց 3 հարկային տեսչություն, որոնց լավագույն աշխատողները միացվեցին ավելի խոշոր տեսչություններին: Սակայն կառուցվածքային փոփոխությունների արդյունքում 125 հարկային ծառայող, համաձայն նաեւ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքից ազատվեց: Երկրորդ մեծ միջոցառումն անցկացվեց մարզերում արդեն երկրորդ եռամսյակում: Դարձյալ մարզային 4 տեսչություններ վերակազմակերպվեցին ավելի խոշոր հարկային տեսչությունների: Սրա արդյունքում եւս 133 հարկային ծառայողներ ազատվեցին աշխատանքից: Իհարկե, Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի, նրանց տրվեց  նպաստ, առաջարկվեցին այլ աշխատանքներ:

 Արմեն Ալավերդյան

ՊԵԿ-ի հայտարարած 71 աշխատատեղերի մրցույթին մասնակցելու համար սահմանափակումներ չկան:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button