Մշակույթ

Հայերը տպագիր բառի շնորհիվ կարողացան պահպանել իրենց լեզուն և եկեղեցական ձեռագրերը

Հայ տպագրության 500- ամյակի կապակցությամբ Կալկաթայի (Հնդկաստան) Հայոց մարդասիրական ճեմարանում ցուցադրվել են ճեմարանի 184-ամյա Արարատյան գրադարանի հայերեն և անգլերեն հնատիպ գրքերը, կազմակերպվել է գրքի ցուցահանդես- վաճառք, ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի հրավերով Կալկաթայի Ամերիկյան գրադարանի տնօրեն դոկտոր Սուշանտա Բաներջին դասախոսություն է կարդացել «Ընթերցանության կարեւորությունը» թեմայով։

Հայոց մարդասիրական ճեմարանի այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ դոկտոր Բաներջին առանձնահատուկ շեշտադրմամբ անդրադարձել է հայ տպագրությանը, ապա խոսել տպագրության ծագման մասին և այն փաստի, թե ինչպես տպագրության գյուտը շրջադարձային եղավ ճանաչողական և մտավոր աշխարհում:
«1439 թվականին Յոհան Գուտենբերգը հեղաշրջում կատարեց հասարակության մեջ` Գերմանիայում հայտնագործելով բառաձուլման հաստոցը: Հայերն օգտագործեցին Գուտենբերգի տեխնիկան` իրենց 39 տառերը մետաղի ձուլելով: Եվ մնայուն տպագիր բառի շնորհիվ նրանք կարողացան պահպանել իրենց լեզուն և եկեղեցական ձեռագրերը, հետևաբար` իրենց ազգային ինքնությունն ու իմաստնությունը հետագա դարերում: Նրանք առաջինն էին, որ հասկացան Գուտենբերգի տեխնիկայի կարևորության առաջնայնությունը և այն ներդրեցին հավերժական գործածության մեջ, ուստի բառաձուլման հաստոցի հայտնագործմամբ աշխարհը գտավ կյանքը, կրթությունը և մշակույթը փոխելու նոր ուղի»,- ասել է դոկտոր Բաներջին:

Թողնել պատասխան

Back to top button