ԿարևորՏնտեսական

Գրանցված լավ մակրոտնտեսական ցուցանիշները փոխել են 2013թ.-ի կանխատեսումները, ասում է խորհրդարանականը

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Կառավարությունը արդեն ԱԺ ներկայացրել է 2013 թվականի պետական բյուջեյի նախագիծը և մոտ ժամանմակներս օրենսդիրը ձեռնամուխ կլինի գալիք տարվա հիմնական ֆինանսական օրենքի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի  1 031.6  մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 151.4 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝  119.8 մլրդ դրամ:
Համախառն ներքին արդյունքի աճը կլինի 6,2 տոկոս: Գնաճը կկազմի 4 տոկոս: Արտաքին պարտքը մինչև 2013 թվականի տարեվերջ կաճի ներկայիս 3,8 մլրդ. դոլարից մինչև մոտ 4 մլրդ.: Սրանք են գալիք տարվա ակնկալվող հիմնական ֆինանսական ցուցանիշները:
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողվի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր պարզաբանելով այս թվերը նշեց, որ «այս տարվա ընթացքում գրանցված բավականին լավ մակրոտնտեսական ցուցանիշները փոխել են 2013թ.-ի կանխատեսումները»:

Ըստ պատգամավորի՝ ընթացիկ տարվա ընթացքում էական աճ են արձանագրել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, ծառայությունների ոլորտը:

Ընդհանուր առմամբ՝ 2013թ. պետբյուջեյի նախագծով եկամտային մասը ընթացիկ տարվա հետ համեմատ կավելանա 13%-ով, իսկ ծախսային մասը կաճի 10%-ով:
Նշենք, որ մինչև ընթացիկ տարեվերջ ակնկալվում է ՀՆԱ-ի մինչև 7,1 տոկոս աճ, իսկ գալիք տարի այն կկազմի 6,2 տակոս, ինչը պարոն Մինասյանը ևս գնահատում է որպես բարձր ցուցանիշ:

«Պետբյուջե-2013- ի նախագծով ակնկալվում է շինարարության՝ 2.3%, արդյունաբերության՝  9.5%, ծառայությունների՝ 6.5 եւ գյուղատնտեսության 4.5% աճ»,- ասաց նա:

Պատգամավորը գոհունակություն  հայտնեց տնտեսության մեջ առկա աճի տեմպերով և հույս հայտնեց, որ դրանք կկրեն շարունակական բնույթ շնորհիվ ձեռնարկվող հետևողական քայլերի:
Գագիկ Մինասյանը կարևորեց դիվերսիֆիկացված տնտեսության կայացումը, որը թույլ կտա հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ ճգնաժամային իրավիճակներից:
Անդրադառնալով արտաքին պարտքի աճին և դրա սպասարկմանը՝ պատգամավորը նշեց, որ 2013թ. պետբյուջեով նախատեսվում է այդ նպատակին ուղղել ավելի քան 200 մլն  դոլար, սակայն բյուջեն բալանսավորված է, և արտաքին պարտքը դեռևս միջին տանելի բեռ է` կազմելով ՀՆԱ-ի 37 տոկոսը:
Խորհդարանականի կանխատեսմամբ՝ եկող տարվա բյուջեի կատարմանը որևէ վտանգ չի սպառնում: Ըստ նրա՝ չեն ազդի և անցկացվելիք նախագահական ընտրությունները:

 

Թողնել պատասխան

Back to top button