ԿարևորՀասարակություն

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակ.«Ո՛չ Օբաման, ո՛չ Ռոմնին չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը»

ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը հայտարարել է, որ ո՛չ նախագահ Բարաք Օբաման, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին չեն վաստակել հայ համայնքի աջակցությունը նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ «Ո’չ Բարաք Օբաման, ով չկատարեց իր խոստումները, ո’չ նախկին նահանգապետ Միթ Ռոմնին մեր համայնքին մտահոգող խնդիրների շուրջ հանրային զեկույցով հանդես չեն եկել՝ վաստակելու ամերիկահայերի քվեները»,-ասել է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Քեն Հաչիկյանը։ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը, չնայած Կոնգրեսում, նահանգներում, լրատվամիջոցներում, ամերիկյան քաղաքացիական հասարակության մոտ գրանցված առաջընթացի, ամերիկահայերին հուզող խնդիրների շուրջ արտաքին քաղաքականության հարցում շարժվում է Անկարայի և Բաքվի թելադրանքով։

Նախագահ Բարաք Օբաման 2008-ին ուներ Հայ Դատի գրասենյակի աջակցությունն ու ամերիկահայերի քվեները և բազմիցս խոստացել էր աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաև ամերիկահայերին հուզող այլ խնդիրների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ուղղությամբ, և ամերիկահայ առաջնորդների հետ ակտիվ համագործակցել։ Գալով իշխանության՝ նախագահ Օբաման չկատարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումը՝ իշխանության առաջին 90 օրերին իր վարչակազմի միջոցով մինչև ապրիլի 24-ը Երևանին ընդունել տալով «ճանապարհային քարտեզն» ու Արձանագրությունները, որն իրեն տվեց քաղաքական ծածկ՝ խոստումը խախտելու համար։ Խոստումը խախտելու ամենաակնառու օրինակը եղավ Կոնգրեսի կողմից Ցեղասպանության ճանաչմանը վարչակազմի դեմ արտահայտվելն ու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը՝ Ցեղասպանության պատմական բանավեճ լինելու վերաբերյալ։ Նախագահի առաջին ազդանշանը, որ խախտելու է խոստումը, եղավ 2009 թ.-ի մարտին, երբ Թուրքիայի խորհրդարանում ունեցած իր ելույթում նա չօգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը, բայց նշեց, որ իր «անձնական» տեսակետն այս հարցում չի փոխվել։

Նախագահը չկատարեց իր խոստումները նաև այլ ոլորտներում։ Նա, ինչպես խոստացել էր, չփնտրեց «ԼՂ հակամարտության տևական լուծում՝ հիմնված ամերիկյան ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքների վրա», փոխարենն ադրբեջանամետ Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում դեսպան։ Ղեկավարման 4 տարիների ընթացքում, չնայած օգնելու խոստմանը, նախագահ Օբաման փորձեց կրճատել Հայաստանին տրվող աջակցությունը։ Թեև որպես թեկնածու նա խոստացել էր մեծացնել առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ, սակայն որևէ էական քայլ այս ուղղությամբ չեղավ։ Նա նաև չկատարեց ամերիկահայ համայնքի հետ ակտիվ աշխատելու խոստումը. 4 տարիների ընթացքում նա գոնե մեկ անգամ համայնքի հետ հանդիպում չունեցավ։ Նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին՝  Մասաչուսեթսի նախկին նահանգապետը, նահանգ, որտեղ բնակվում է ամերիկահայ ամենավառ համայնքը,  իր կառավարման (նահանգապետի պաշտոնում), ինչպես նաև քարոզարշավի ընթացքում ոչինչ չի հայտարարել հայկական հարցերի վերաբերյալ։ Նա նաև չի հանդիպել և չի խորհրդակցել հայ համայնքի ղեկավարության հետ։

Այս պահի դրությամբ ո՛չ Ռոմնին, ո՛չ նախագահ Օբաման չեն արձագանքել Հայ Դատի գրասենյակի բազմաթիվ գրավոր դիմումներին՝ հայ համայնքին հետաքրքրող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հրապարակայնորեն ներկայացնելու հարցում։ Անցյալ շաբաթ երկու կազմակերպություններ՝ հունական և հայկական համայնքները, որոնք շուրջ 5 մլն ներկայացուցիչ ունեն Միացյալ Նահանգներում, միասին կոչ են արել Միթ Ռոմնիին և Բարաք Օբամային՝ վերջ տալ հայկական և հունական խնդիրների շուրջ լռությանը։ «Մենք պահանջել ենք հանրությանը ներկայացնել այն առաջնահերթությունները և սկզբունքները, որոնք իրենց վարչակազմերն իրագործելու են շուրջ 5 մլն քաղաքացի ունեցող հայ և հույն համայնքների համար» ,-ասված էր նրանց համատեղ հայտարարության մեջ։

Թողնել պատասխան

Back to top button