ԿարևորՔաղաքական

Խրախուսել ազգային ինքնակազմակերպման հնարավոր մեխանիզմները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

 

«Սփյուռքը  համախմբելու  յուրաքանչյուր նախաձեռնություն  պետք է խրախուսել և փայփայել: Մենք սակաթիվ ենք, ուստի և պետք է  պայքարենք ամեն հայի համար, պայքարենք հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգին: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները»:

Սերժ Սարգսյան

Երևանում այսօր մեկնարկել է Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարը: Առաջին համագումարն  անցկացվել էր  2003 թ.  Մոսկվայում  Հայաստանի ու  Ռուսաստանի  նախագահների մասնակցությամբ:
Կոնգրեսի ստեղծման գաղափարը Ռուսաստանի հայերի միությանն է, որն ստեղծվել է 2000թ.։  Միության հիմնադրման հաջողությունն էլ պատճառ է դարձել, որ նախաձեռնողները փորձեն  միավորել  նաև ողջ Սփյուռքի հայությանը։

Այսպես էլ ստեղծվում է Համաշխարհային հայկական կոնգրեսը, որի  156 անդամներից այսօր  համագումարին ներկա էր  147 անդամ:
«Սփյուռքի պոտենցիալը մեծ է, բայց մենք այն ոչ լրիվ ծավալով ենք օգտագործել» ,- հայտարարել է Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության  նախագահ Արա Աբրահամյանը: Համագումարին ներկա էր ու ողջույնի խոսքով հանդես է եկել նաև հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահը ողջունել է համագումարի հին ու նոր անդամերին, ովքեր հայրենիք են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից՝ համահայկական խնդիրների օրակարգը  ճշտելու, այդ հարցերը բաց քննարկելու ցանկությամբ:
«Մենք դեռ հազարամյակներ ունենք առջևում, որոնք անցնելու ենք միասին»,- դիմելով համագումարի անդամներին հայտարարել է հանրապետության նախագահը։

«Բոլորիդ  սրտանց ուզում եմ ասել, բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել հայրենիք: Սփյուռքը  համախմբելու  յուրաքանչյուր նախաձեռնություն  պետք է խրախուսել և փայփայել: Մենք սակաթիվ ենք, ուստի և պետք է  պայքարենք ամեն հայի համար, պայքարենք հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգին: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք,   ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները: Պետք է նշեմ, որ մենք որպես ժողովորդ կարողացել ենք որոշակի հաջողություններ արձանագրել: Դրանք հաջողություններ են, որոնք ոմանց հանգիստ չեն տալիս, բայց այդ ամենը անում եք ոչ թե ուրիշներին գրգռելու, այլ մեր տեղական ու համազգային բնույթի հարցերը լուծելու համար»,- բացման խոսքում ասել է Սերժ Սարգսյանը: 

Համագումարի մասնակիցներին է փոխանցվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր  Պուտինի ողջույնի խոսքը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button