Միջազգային

Ս. Լավրով. Օդանավի միջադեպը չի անդրադառնա ռուս- թուրքական հարաբերությունների վրա

Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն հայտարարել է, թե Անկարայում ստիպողաբար վայրէջք կատարած ինքնաթիռի հետ կապված միջադեպը չի անդրադառնա ռուս- թուրքական հարաբերությունների վրա:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ մեկ չպետք է անհանգստանա ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Դրանք զարգանում են կայուն և ամուր հիմքերով»,- Սերգեյ Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ՝ արտգործնախարարն ընդգծել է, որ Անկարայի օդանավակայանում ինքնաթիռից առգրավված բեռը օրինական է եղել, որը պատկանել է ռուսական ձեռնարկությանն ու նախատեսված է եղել սիրիական կողմի համար։
«Այնտեղ օրինական բեռ է եղել և տեղափոխվել է օրինական ճանապարհով»,- հավելել է Լավրովը:

Հոկտեմբերի 11-ին թուրքական F-16 կործանիչները ստիպել էին սիրիական ավիաընկերության Մոսկվա-Դամասկոս չվերթն իրականացնող ինքնաթիռին վայրէջք կատարել Անկարայի օդանավակայանում: Ինքնաթիռի խուզարկման արդյունքում թուրքական կողմը արգելք էր դրել որոշ բեռների վրա, որը, ինչպես հետագայում պարզաբանել էր վարչապետ Էրդողանը, ռազմական ոլորտում կիրառվող տեխնիկա է եղել:

 

Անկարան պատերազմական գործողությունների ծրագիր է մշակել

Թուրքիայի զինված ուժերը  «վատագույն սցենար» համարվող հնարավոր պատերազմական գործողությունների պլան է մշակել, տեղեկացնում է թուրքական «Վաթան» օրաթերթը։ Դրանով նախատեսվում է անհրաժեշտության դեպքում միաժամանակ օգտագործել ցամաքային, օդային և ծովային ուժերը։
Սիրիայի դեմ պատերազմի պատրաստվելիս՝ թուրքական կողմը հաշվի է առել նաև Ռուսաստանի և Քրդական աշխատավորական կուսակցության գործոնները։
Սահմանին հնարավոր պատերազմի դեպքում կառավարության հրահանգով գործելու են նաև հատուկ ստորաբաժանումները։
«Վաթանի» պնդմամբ՝ Սիրիային զուգահեռ գործողություններ ձեռնարկելու նախագծեր կան Իրանի և Հունաստանի կողմից հնարավոր վտանգի առկայության դեպքում։
Խորհրդարանի կողմից երկրի սահմաններից դուրս գործողություններ իրականացնելուն ուղղված որոշման ընդունումից հետո թուրք-սիրիական սահմանին նախապատրաստական աշխատանքներ են սկսվել։ Շանլըուրֆայի (Ուրֆա), Մարդին և Գազիանթեպ (Այնթապ) սահմանամերձ շրջաններում 60 տանկ է տեղակայվել։ Ընդհանուր առմամբ՝ սահմանի երկայնքով տեղակայվել է շուրջ 250 տանկ։
Դիարբեքիրի օդուժի զորամիավորումներում տեղակայվել է շուրջ 55 F-16 տիպի կործանիչ։
Լրատվամիջոցների համաձայն՝ սահմանամերձ շրջանում տեղակայվել են նաև Stinger տիպի հրթիռներ, որոնք օգտագործվում են թշնամու ինքնաթիռների և ուղղաթիռների ոչնչացման համար։

 

ՄԱԿ- ի եւ ԱԵԼ- ի բանագնացը մշակել է խաղաղության ծրագիր

ՄԱԿ-ի և Արբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմը մշակել է Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված նոր պլան, որը ենթադրում է 3 հազար միջազգային խաղաղապահների տեղակայում այդ երկրում: «Նոր ծրագրի համաձայն՝ Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմն ապահովելու համար առաջարկվում է մտցնել միջազգային ուժեր, որոնցում կներառվեն նաև Եվրամիության երկրների ստորաբաժանումները»,- հայտնել է Բի-Բի-Սի հեռուստակայանը:
Եղած տեղեկությունների համաձայն՝ վերջին շաբաթների ընթացքում Բրահիմը ինտենսիվ բանակցություններ է վարել, որոնց ընթացքում քննարկել է միջազգային խաղաղապահ ուժերի զորակազմը: «Կա այն գիտակցումը, որ կրակի դադարեցման ռեժիմը հսկելու համար ԱՄՆ և Մեծ Բրիտանիան իրենց զորակազմը պետք է չուղղարկեն Սիրիա», — ընդգծել է Բի-բի-սին: Ենթադրվում է, որ զորակազմը կձևավորվի «Յունիֆիլ» միջազգային ուժերի սկզբունքով, որոնք այժմ մոնիտորինգ են իրականացնում Իսրայելի և Լիբանանի սահմանին: Դրանց կազմի մեջ են մտնում ստորաբաժանումներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և Իռլանդիայից:

Թեհրանը ներկայացրել է սիրիական խնդրի կարգավորման իր ծրագիրը

Իրանը ՄԱԿ-ի և Արբական երկրների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին է փոխանցել սիրիական ճգնաժամի վերաբերյալ գրավոր առաջարկ` տեղեկացրել է իրանական «Ալ-Ալյամ» արբանյակային հեռուստակայանը:
Ալժիրցի դիվանագետը Թեհրանում կիրակի օրը բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի և արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:
«Ալ Մայադին» հեռուստակայանի տեղեկություններով՝ իրանական առաջարկը նախատեսում է Սիրիայում դադարեցնել հակակառավական ուժերի ռազմական աջակցությունը, ընդդիմության և իշխանության միջև երկխոսություն հաստատել, խորհրդարանական նոր ընտությունների անցկացնել:
Բրահիմին խոստացել է իրանական առաջարկները ներառել սիրական հակամարտության խաղաղ կարգավորման ապագա պլանի մեջ: Իր հերթին Սալեհին հայտարարել է, որ Թեհրանը վստահում է ալժիրցի դիվանագետին, որի դիրքորոշումը չեզոք է:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button