ԿարևորՔաղաքական

«Մենք չենք կարող Սփյուռքին հրամայել, հանձնարարել, պահանջել». նախարարության տարբերությունն այլ գերատեսչություններից

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Սփյուռքի նախարարության քառամյա գործունեությանը, ինչպես նաև ընթացիկ տարվա աշխատանքներին այսօր անդրադարձավ գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ քառամյա պատմություն ունեցող նախարարության կազմավորումը հանդիսանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախընտրական ծրագրերի դրույթներից մեկը, որը հաջողությամբ իրականացվել է: Այս նախարարությունը իր գործելակերպով զգալի տարբերվում է այլ պետական կառավարական մարմիններից: «Մենք չենք կարող Սփյուռքին  հրամայել, հանձնարարել, պահանջել»,- նշեց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է 18 համահայկական կառույցների և Սփյուռքի ավելի քան 30 հազար կազմակերպությունների հետ: Շնորհիվ հեց այդ համագործակցության են բազում ծրագրեր իրագործվել անցած տարիների ընթացքում:
Տարեց տարի ավելացող ծրագրերին համընթաց ավելանում է և դրանց մասնակիցների թիվը տարբեր երկրներից:  Միայն այս տարվա ընթացքում «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին նախատեսված 70-ի փոխարեն մասնակցեց 131 սփյուռքահայ աշխարհի 13 երկրներից, իսկ Սփյուռքի երիտասարդության Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» երկամսյա ծրագրին մասնակցեց ավելի քան 30 երկրի 912 պատանի և երիտասարդ՝ 800-ի փոխարեն:
Բացի դրանից՝ իրականացվող ծրագրերը նպաստում են և զբոսաշրջության աճին 30-35 տոկոսով:

Ըստ նախարարի՝ անցած տարիների ընթացքում հարթվել են երկքաղաքացիության ստացման հետ կապված խնդիրները: «Եթե նախկինում տարեկան մոտ 1700 հոգի էր դառնում երկքաղաքացի, ապա 2011-ին այն ցուցանիշը գերազանցել է 14 հազարը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ Հայաստանում սիրիահայերի հետ տարվող աշխատանքները համակարգում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:

Նախարարության նախաձեռնությամբ և համակարգմամբ ստեղծվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող աշխատանքային խումբ, իսկ օրերս` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը գործում է ՀԲԸՄ-ի կողմից հատկացված գրասենյակում՝ Ալեք Մանուկյան 9 հասցեում:
Այս ՀԿ-ն ՀՀ Սփյուռքի նախարարության և ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ զբաղվելու է ՀՀ տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների համակարգմամբ և լուծմամբ:

Այս պահին ՀՀ- ում են գտնվում շուրջ 5000 սիրիահայ` ավելի քան 1700 ընտանիք, որոնց խնդիրների լուծման համար կատարվել են մի շարք փոփոխություններ ՀՀ օրենքներում և կառավարության որոշումներում: Հայաստանի բուհ- եր դիմել է 200 ուսանող, դպրոցներ և մանկապարտեզներ հաճախում է ավելի քան 500 երեխա, այդ թվում` նորաբաց սիրիական ծրագրով դպրոց ընդունվել է շուրջ 250 աշակերտ: Աշխատանքի կարիք ունեն 3000 հոգի, հիմնականում ապրում են վարձով:

Հանրակացարաններում տեղավորվել է 32 ընտանիք` 71 անդամով, որի համար հատկացվել է 28 սենյակ: ՀՀ ՍՆ դիմած սիրիահայերի մեծ մասը` շուրջ 350 ընտանիք, բնակվում է վարձով, մոտ 50 ընտանիք` բարեկամի տանը, մի մասն ունի սեփական բնակարաններ, մյուսները տեղավորվել են հանրակացարաններում:
Սփյուռքի նախարարարությունը անմասն չի մնացել արտերկրում  հունգարա- ադրբեջանական խայտառակ գործարքի դեմ բողոքի ակցիաների կազմակերպումից: Օգոստոսի 31-ի երեկոյան 20-ից մինչև լուսաբաց նախարարության կողմից ուղարկվել և ստացվել են ավելի քան 5.000 էլեկտրոնային հասցեներով գրություններ: Հայկական Սփյուռքի շատ ու շատ կառույցներ, անհատներ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին Հունգարիայի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված անօրինականության դեմ` արդարության վերականգնման համար։

 

Թողնել պատասխան

Back to top button