ԿարևորՏնտեսական

Բացվեց «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու-կոնյակի գործարանը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Աշխատանքային այցի շրջանակներում այսօր նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարանի բացման հանդիսավոր արարողությանը: Նորակառույց այս գործարանի հիմնարկեքը կրկին նախագահի մասնակցությամբ տրվել էր դեռեւս 2010 թվականի սեպտեմբերին: Երկրի ղեկավարն այսօր արդեն շրջել է նորակառույց գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, իրականացված ներդրումներին եւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության զարգացման ծրագրերին:

«Գոլդեն Գրեյփս ԱրմԱս» ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռեւս 2007 թվականից: Ընկերության կատարած ներդրումների եւ իրականացրած աշխատանքների շնորհիվ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի 200 եւ Սասունիկ համայնքի 20 հեկտար քարքարոտ ու անմշակ տարածքներն այլեւս լիովին դարձել են օգտագործելի գյուղատնտեսական նշանակության համար: Նպատակադրված աշխատանքի արդյունքում կարելի է քարեր ծաղկեցնել` արձանագրեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: 400 խաղողի տնկի եւ 10 հազար մրգատու ծառեր. դրանց մշակումը միայն շուրջ 200 սեզոնային աշխատատեղ է ապահովում մոտակա գյուղերի հողագործների համար, իսկ 100-ը մշտական աշխատողներ են` 150 հազար դրամ միջին աշխատավարձով: Աշխատատեղեր հեռանկարում էլի կլինեն` խոստանում է սեփականատեր Արմեն Ասլանյանը:

Ընկերության հիմնադիր Արմեն Ասլանյանը մինչ այս տարբեր բիզնեսներ է ծավալել արտասահմանյան երկրներում` Ռուսաստանում, Եվրոպայում, ապա նաեւ ԱՄՆ-ում: Նա այսօր իր ընկերներին կոչ է անում ներդրումներ կատարել հայրենիքում: Գինու-կոնյակի գործարանի կառուցմամբ, նրա խոսքով, ավարտվում է ընկերության նախատեսած ծրագրերի առաջին փուլը եւ ընկերությունն անցնում է խաղողի մշակումից վերամշակման: Նախագահ Սերժ Սարգսյանը շրջեց նորակառույց գործարանի արտադրամասերում, ծանոթացավ արտադրական գործընթացին, իրականացված ներդրումներին եւ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության զարգացման ծրագրերին:

Ընկերության կատարած ընդհանուր ներդրումների ծավալը` սկսած 2007 թվականից կազմել է 15 մլն եվրո` ասաց ընկերության հիմնադիր Արմեն Ասլանյանը: Ներդրումների զգալի մասը` մոտ 7 մլն եվրոն ուղղվել է հենց գինու-կոնյակի գործարանի կառուցմանը: Այստեղ արտադրված գինու եւ կոնյակի մի մասը նախատեսվում է արտահանել Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ եւ Եվրոպական երկրներ: Ընկերության սեփականատերն ասում է, որ արդեն նախնական պայմանավորվածություններն առկա են: Գալիք տարվա մայիսից գործարանը կթողարկի իր առաջին` սպիտակ գինին, որին կհաջորդեն նաեւ վարդագույն եւ կարմիր գինիները: Կոնյակի առաջին արտադրանքը նախատեսվում է շուկա հանել երեք տարի անց: Մրցակցությունից սեփականատերը չի մտահոգվում. գործարանը կառուցվել է գերժամանակակից իտալական տեխնոլոգիաներով: Մոնտաժման աշխատանքներն ու գործարկումն էլ կատարել են հենց Իտալիայից հրավիրված բարձրակարգ մասնագետները: Իտալացի գինեգործ, տեխնոլոգ Էմիլիո Դելմերիկոն բարձր է գնահատում հայկական հումքի որակական հատկանիշները: Համոզմունք հայտնեց, որ նման հումքով եւ բարձր չափանիշերին համապատասխան տեխնոլոգիայով ստացված արտադրանքը մեծ պահանջարկ կունենա աշխարհի ցանկացած շուկայում:

Իտալացի մասնագետի խոսքով` Հայաստանը պատմություն ունեցող երկիր է, իսկ գինուց եւ կոնյակից հասկացող որեւէ ժողովրդի անշուշտ հետաքրքիր կլինի օգտագործել նման երկրի առաջարկած արտադրանքը, քանի որ, իտալացի գինեգործի պատկերավորմամբ, «գինին ու կոնյակը դրանք տվյալ երկրի ու ժողովրդի աշխատանքի, համի եւ հոգու խտացված ներդաշնակությունն են»:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button