ԿարևորՏնտեսական

Հայաստանն ու նոր տնտեսական քաղաքականությունը

«Հայաստանի Հանրապետության նոր պատմության մեջ առաջին անգամ տնտեսական քաղաքականությունում որդեգրեցինք սկզբունք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծելու համար, այլև պարտավոր է, մասնավոր հատվածի հետ համագործակցելով, իրականացնել հստակ արդյունաբերական քաղաքականություն»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ԵՊՀ- ում՝  Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացման իր ելույթում։

Կառավարոության ղեկավարը նշել է, որ վերը նշված սկզբունքի վրա մշակված նոր հայեցակարգն ընդհանուր առմամբ արժանացել է հավանության։
Մեր երկիրն ունի հարաբերական առավելություններ և արտահանման մեծ ներուժ տնտեսության 11 ճյուղում եւ  պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո այդ ճյուղերի համար մշակվում են զարգացման ծրագրեր:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2012 թ. առաջին ութ ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 8.3 տոկոս, իսկ գնաճը` 2.2 տոկոս, ինչը նշանակում է, որ այս նոր մոտեցումը դրական արդյունք է տալիս, ասել է վարչապետը։

Խոսելով տնտեսության մարտահրավերների մասին՝ վարչապետը նշել է, որ թեեւ կարեւոր են տնտեսական ակտիվության ինդեքսի ցուցանիշերը, բայց շատ ավելի կարևոր է, որպեսզի քաղաքացիներն զգան տնտեսական աճն իրենց կենսամակարդակի վրա:

«Այդ տեսակետից դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար: Վճարային հաշվեկշիռը, առևտրային հաշվեկշիռը դեռևս բավական մեծ ճեղքվածք ունեն, չնայած որ վերջին երեք տարում արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին»:
Այս համատեքստում վարչապետը կարևորել է համաշխարհային տնտեսական իրավիճակը և միջազգային զարգացման միտումները. «Այս 20 տարվա ընթացքում Հայաստանը մշտապես իրականացրել է բաց տնտեսական քաղաքականություն, և դա նշանակում է, որ պետք է աչալուրջ լինենք միջազգային ազդեցությունների տեսակետից»:

Թողնել պատասխան

Back to top button