ԿարևորՀասարակություն

Թրաֆիկինգի սահմանները. Հայաստանում լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվում

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Մինչեւ ուր են տարածվում թրաֆիքինգի՝ սպիտակ  ստրկության  սահմանները մեր երկրում եւ երկրից դուրս: Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը և իրավաբան  Մարիաննա Եղիազարյանն այսօր ներկայացրել են իրենց մի շարք մտահոգություններն այս երեւույթի շուրջ եւ ընդգծել` Հայաստանում կան ոլորտներ, որտեղ որեւէ ուսումնասիրության չի կատարվել ժխտելու կամ հաստատելու թրաֆիկինգի առկայությունը:
Կասկածներ կան, սակայն վերջնականապես հաստատված փաստեր` դեռ ոչ,  հայտարարեց իրավաբան Մարիաննա Եղիազարյանը` բարձրացնելով բուժհիմնարկներում օրգանների թրաֆիկինգի հնարավորության հարցը։
Նա մտահոգություն հարուցող մի շարք այլ հարցերի մասին եւս խոսեց։
«Շատ նեղ մասնագիտացում է հարկավոր տարբերելու թրաֆիկինգը մարմնավաճառությունից; Տարբերո՞ւմ ենք մենք արդյոք` այդ կանանց ուղեկցում են այդ աշխատանքի՞ն, թե նրենք պարզապես հատում են սահմանը»,- ասաց։
Թրաֆիկինգն այսօր թմրանյութերի վաճառքից հետո ամենաշահավետ բիզնեսն է դարձել աշխարհում` իր եկամտաբերությամբ գերազանցելով անգամ զենքի վաճառքին: Սա դրդում է այս բիզնեսով զբաղվելիս փնտրել ու գտնել ամենահնարամիտ ու ծածուկ տարբերակները:
Իրավաբան Մարիաննա Եղիազարյանը ծածուկ տարբերակներից խոսելիս անմիջապես իր կասկածներն ուղղեց այս առումով խոցելի հաստատություններ՝ մանկատներ։
«Ներսի հետ կապված կասկածներ գրեթե չունեմ, սակայն դրսում երբ տեսնում ենք «Միկի մաուսների» եւ այլն, կասկած է ծագում` եթե այդ երեխան աշխատում է, որտեղի՞ց է եկել եւ ո՞ւր է գնալու»:

Որքան տարբեր են թրաֆիկինգի դրսեւորման տարբերակները, նույնքան էլ հակասական դրանց մասին պատկերացումները: Օրինակ` թրաֆիկինգ չէ՞ արդյոք ամսական 60 հազար դրամ վարձատրությամբ 12-ժամյա աշխատանքի վերցնելը: Մեխանիզմը նույնն է, նկատում է Մարիաննա Եղիազարյանը, սակայն ընդգծում, որ դա պետք է նախեւառաջ բնորոշել որպես ոչ շահավետ իրավապայմանագրային հարաբերություն:
Մինչեւ ո՞ւր են տարածվում թրաֆիքինգի  սահմանները մեր երկրում եւ երկրից դուրս: Հոգեբան  Մարիամ  Մեհրաբյանը  և  իրավաբան  Մարիաննա  Եղիազարյանը մտահոգվելու շատ առիթներ են տեսնում: Դրանց հիմքում վիճակագրությունն է այն մասին, որ Հայաստանում առավել ռիսկային գոտի են համարվում Վանաձորը և Գյումրին, ինչը մեկնաբանվում է սահմանների մատչելիությամբ:
Հայ կանանց թրաֆիքինգը հիմնականում կատարվում է մի քանի ուղիներով: Կանայք բռնության են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում, նրանք մեկնում են Ռուսաստան, որտեղից էլ անցնում են Էմիրություններ։ Կանայք ձեւական ամուսնանում են և այդպես մուտք գործում երկիր:
Մյուսը`Թուրքիան է, ուր մեկնում են Հայաստան-Վրաստան և Վրաստան-Թուրքիա ցամաքային սահմանով: Ըստ հոգեբանի՝  ամենահարմար առիթի դեպքում աղջիկները կարող են դառնալ կավատի զոհ, աշխատանքային թրաֆիքինգի զոհ դառնում են հիմնականում տղամարդիկ, իսկ անչափահասների թրաֆիքինգը չափազանց մեծ խնդիր է, և նրանք մուրացկանության, թափառաշրջիկության արդյունքում անգամ մանկություն չեն ունենում:
Հոգեբան Մարիամ Մեհրաբյանն այն դիտարկմանն է, որ «սպիտակ ստրկությունը» կշարունակի լինել այնքան ժամանակ, քանի դեռ մենք ուշադրություն չենք դարձնում մեր ազգի հոգեբանական խնդիրներին: Դա նշանակում է, որ դրա զոհ են դառնում այն մարդիկ, որոնք մանկության տարիներին բռնության են ենթարկվել ընտանիքի ներսում:

Թողնել պատասխան

Back to top button