ԿարևորՀասարակություն

Երեւանի դեմքը երեւանցիներն են, ոչ թե կառույցները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Վաղը կտոնանք Երևանի 2794- ամյակը։ Մեր մայրաքաղաքի տոնը 1968 թվականից նշվում է մեծ շուքով և ամեն տարի մի նոր խորագրով: Լինելով գրքի համաշխարհային մայրաքաղաք՝ Երևանին նվիրված տոնակատարություններն այս տարի անցկացվելու են  «Իմ սրտի Երևան» խորագրով: Երևանը, ինչպես և յուրաքանչյուր քաղաք, ունի իր պատմությունը, որը ներկայացնող լուսանկարներն այսօր պահվում են Երևանի պատմության թանգարանում:
Երևան քաղաքի պատմության թանգարանի փոխտնօրեն Գևորգ Օրբելյանի խոսքով՝ տոնակատարություններին նոր շունչ հաղորդեց 1983 թվականից նշանավոր մարդկանց շնորհվող «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումը:
Աշխարհում ցանկացած քաղաք ունի իր զարգացումը և այս առումով բացառություն չէ նաև Երևանը: Պարզապես քանի որ մեր մայրաքաղաքի դեպքում այդ փոփոխությունները  զուգորվեցին քաղաքական իրադարձություններով և անկախության ձեռք բերմամբ, հետևաբար  զարգացումը ևս քաոսային բնույթ ունեցավ, նկատեց Ճարտարապետ Աշոտ Արշակյանը:
Փոփոխությունների արդյունքում քաղացիները ևս բաժանվեցին 2 թևի, մի մասին դուր են գալիս նորարարությունները, նորակառուցները, մի մասն էլ պահանջում է պահպանել հինը:
Ըստ Աշոտ Արշակյանի` Երևանի զարգացման գործում մեծ է եղել նաև տնտեսական գործոնը, ինչով էլ պայմանավորված են  բազմաթիվ թերացումներն ու բացթողումները: Բայց, ընդհանուր առմամբ, փոփոխությունները նա բնական է համարում, բնական է նաև Երևանի նոր շունչը, կարծում է։
Ի վերջո` Երևանը միայն ճարտարապետությունը չէ  և ոչ էլ շենքերը: Երևանը  երևանցիներն են, հետևաբար Երևանի դեմքը պայմանավորված է երևանցիների փոփոխությամբ: Այժմ քաղաքի կենտրոնում նոր երևանցիներ են ապրում, ովքեր էլ նոր կարգուկանոն են թելադրում:
Օրինաչափությունը կլիներ այն, որ քաղաքում մնար հին երևանցին և ինքը նորեկին սովորեցներ քաղաքի ավանդական արժեքներն ու կարգուկանոնը, նկատեց Աշոտ Արշակյանը:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button