ԿարևորՄշակույթ

Աստվածաշնչի թարգմանության շնորհիվ Աստված մեր ժողովրդի հետ խոսեց հայերեն

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Թարգմանիչ վարդապետների անվան ներքո այսօր տոնում է վարդապետ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների  պայծառ հիշատակը։
Թարգմանչաց շարժումը սկիզբ առավ հայ գրերի գյուտից անմիջապես հետո՝ 405 թվականին։ Նպատակը երկիրը հունական ազդեցությունից ազատելն էր։
Հայոց գրերի ստեղծմամբ Արշակունիների թուլացած գահի պաշտոնական գրագրությունը հունարենից ու ասորերենից պետք է անցներ հայերենի, իսկ հայալեզու դպրոցն ու գրականությունը հայալեզու եկեղեցու միջոցով պետք է նեցուկ դառնային հայոց պետականության ու ժողովրդի ինքնության պահպանմանը։
Վռամշապուհ արքայի աջակցությամբ թարգմանչաց շարժումը գլխավորում էին Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթևն ու նրանց աշակերտները։ Սուրբ Թարգմանչած տոնը նշելով՝ հիշատակվում են վեց անուններ՝ Մաշտոց, Եղիշե, Մովսես Քերթող, Դավիթ Անհաղթ, Գրիգոր Նարեկացի և Ներսես Կլայեցի։
«Իրականում այս ցանկն անհամեմատ ընդգրկուն է, այն ներառում է բոլոր նրանց, ովքեր հետագա դարերեում ևս շարունակեցին թարգմանչաց սերնդի գործն ու առաքելությունը»,- ասում է Հայոց եկեղեցու հոգևոր սպասավոր Թովմա քահանա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ եկեղեցական տոնացույցում Թագմանչած տոնն ընդամենը մոտ երկու հարյուր տարիների պատմություն ունի, բայց Մաշտոցի ու նրա աշակերտների գործը հայ ժոողվուրդն արժևորել ու սրբացրել է բոլոր ժամանակներում։

Մաշտոցյան հայերեն տառերով առաջինը թարգմանվեց Աստվածաշունչը և այնքան կատարյալ, որ ֆրանսիացի գիտնական Լա Կրոզը հետագայում այն համարեց «Թարգմանությունների թագուհի»։ Առաջին նախադասությունը, որ թարգմանվել ու գրվել է հայերերն Սողոմոն Իմաստունի «Առակաց գրքից» էր՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։
Ըստ Պատմիչների մեկնաբանության՝ Աստվածաշնչի թարգմանության շնորհիվ Աստված մեր ժողովրդի հետ խոսեց հայերեն։ Տոնը հայ եըկեղեցին նշում է տարվա մեջ երկու անգամ. հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին Օշականում՝ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի տոնը, իսկ հոկտեմբերին ՝ Մեսրոպ Մաշտոցի ու նրա սաների առաջին թարգմանություններով սկզբնավորված հայ դպրության ու մշակույթի տոնը։

Թողնել պատասխան

Back to top button