ԿարևորՏնտեսական

Հայաստանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է 1 մլրդ դոլար

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները դինամիկ զարգանում են, սակայն փոխգործակցության ներուժն ավելին է և պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի երկու երկրների գործարարները հանդիպեն, խոսեն, պայմանավորվեն ու համագործակցեն:
Այս նկատառումից ելնելով էլ վաղը  Երևանում կանցկացվի հայ- ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովը, մինչ այդ՝ Հայաստանի առևտրա- արդյունաբերական պալատը ռուս գործընկերների հետ քննարկում է համագործակցության հեռանկարները և ամփոփում կատարվածը:

«Առևտրատնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև բավականին դինամիկ են զարգանում: Նախորդ տարի ապրանքաշրջանառությունը հասել էր 1 մլրդ դոլորի: Այս տարվա առաջին ութ ամսվա տվյալներով այն արդեն հատել է 800 մլն-ի սահմանագիծը և մինչև տարեվերջ  ապրանքաշրջանառությունը կկազմի 1 մլրդ»,-  փաստեց ՌԴ տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Մաքսիմ Սոկոլովը:
Վերջին 20 տարվա ընթացքում Ռուսաստանը Հայաստանում 2.5 մլրդ. դոլարի ներդրում է կատարել, ավելացրեց նա:
Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ 50 տոկոս են կազմում, հանդիպման ժամանակ նշեց  Հայաստանի առևտրա- արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը: Ռուսաստանը Հայաստանի առաջին խոշոր տնտեսական ու ռազմավարական գործընկերն է։

«Եթե մեկնակետ համարենք 2005 թվականը, երբ երկու երկրների առևտրա- արդյունաբերական պալատների միջև համագործակցության համաձայնագիր կնքվեց, ապա պետք է արձանագրենք, որ Ռուսաստանից Հայաստան ներկրումը չորս անգամ ավելացել է: Հայաստանից Ռուսաստան արտահանումներն ավելացել են երկու անգամ»,- նշեց պալատի նախագահը:

Հայ գործարարները Ռոսաստան են արտահանում բնական հյութեր, կոնյակ, գինի, հանքային ջուր ու դեղորայք: Ռուսաստանից մեր եռրկիր է ներկրվում կենցաղային տեխնիկա, սարքավորումներ, տրակտորներ, բեռնատար ու մարդատար ավտոմեքենաներ, ավտոսարքավորումներ, կահույք, կոսմետիկա: Սա լավ արդյունք է, սակայն ոչ բավարար, գնահատեց Մարտին Սարգսյանը:

Ռուսաստանի առևտրա- արդյունաբերական պալատի նախագահ Վլադիմիր Պադալկոն էլ մեջբերելով փորձագետների դիտարկումը, թե ճգնաժամից հետո  2013 թվականը բարդ տարի է լինելու բիզնեսի համար, ասաց, որ անհրաժեշտություն կա ավելի ամրապնդել կապերը, որպեսզի ճգնաժամը չխոչընդոտի հանարաբերությունների զարգացմանը, այդուհանդերձ  մտավախություն չունեն, թե մթնոլորտը կփոխվի։

 

 

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button